«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը

«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Artsakhpress.am: Փառատոնին Արցախից և Հայաստանից մասնակցում են շուրջ 80 մարզիկ: Միջոցառմանը մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ձյուդոյի վետերանների միության նախագահ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ ձյուդոյի փառատոնը տևելու է երեք օր:
«Մեր նպատակն է, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ զբաղվեն սպորտով: Սպորտն առաջին հերթին առողջ ապրելակերպ է: Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, սակայն քչերն են, որ կանոնավոր զբաղվում են սպորտով: Մենք կոչ ենք անում բոլորին, որպեսզի սիրեն և զբաղվեն սպորտով»,-մասնավորապես ասել է. Ազիզբեկյանը:

ՀՀ ձյուդոյի վետերանների միության նախագահ Տիգրան Մալխասյանն էլ ասել է, որ Արցախում առաջին անգամ է կազմակերպվում ձյուդոյի փառատոն. նպատակ ունեն այն դարձնել ամենամյա:

Նրա խոսքով՝ միջոցառումը խթան կհանդիսանա մասսայականացնել ձյուդո մարզաձևը, սեր առաջացնել երեխաների մոտ դեպի ձյուդոն:

Տ. Մալխասյանի գնահատմամբ՝ արցախցի մարզիկներն ունեն մեծ ներուժ և կամք. նրանք հնարավորություն են ունենում մասնակցելու տարբեր միջազգային մրցաշարերի և գրանցել հաղթանակներ:

ԱՀ ձյուդոյի վետերանների միության անդամ Սուսաննա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը ձյուդոյով սկսել է զբաղվել դեռևս 1980-ական թվականներին:
Նա նշել է, որ 80-ականներին պարապմունքներն անցկացնելու համար իրենք չունեին համապատասխան պայմաններ, մարզադահլիճներ:

«Շատ ուրախալի է, որ այսօր ԱՀ-ում զարգանում է ձյուդոն: Շնորհիվ բանիմաց մարզիչների, արցախցի մարզիկներն այսօր կարողանում են ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում մասնակցել առաջնությունների և գրավել մրցանակային տեղեր»,- ավելացրել է Ս. Հայրապետյանը:

ԱՀ ձյուդոյի վետերանների միության անդամ Էլեոնորա Ավանեսյանի խոսքով՝ ինքը ձյուդոյով սկսել է զբաղվել 1990-ական թվականներին:

Նա ասել է, որ ձյուդո մարզաձևն իր կյանքում առանցքային տեղ է ունեցել:

«Ձյուդոյի մարզիկները միշտ տարբերվել են իրենց ինքնատիպությամբ, համեստությամբ, բարի վերաբերմունքով, ուժեղ ոգով և ամուր կամքով: Բոլոր մարզաձևերից ես առանձնացնում եմ ձյուդոն, և խորհուրդ եմ տալիս որպեսզի բոլորն զբաղվեն ձյուդոյով: 90-ականներին մենք պարապում էինք կիսավեր մարզադահլիճներում, չկար անհրաժեշտ գույք, հնարավորություն չունեինք անգամ մասնակցել ՀՀ-ն ձյուդոյի առաջնություններին: Այսօր ունենք կահավորված մարզադահլիճներ և մարզագույք: Ի դեմս Իվան Ազիզբեկյանի, ներկայումս արցախցի մարզիչները ջանք ու եռանդ չեն խնայում լավագույն մարզիկներ պատրաստելու համար, և իրենց ունեցած փորձն ու գիտելիքներն են փոխանցում նոր սերնդին»,-ավելացրել է Է. Ավանեսյանը:

Ձյուդոյի փառատոնին ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական այլ այրեր, ԱՀ ձյուդոյի վետերանների միության անդամներ, մարզասերներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում