Զոհրաբ Մնացականյանը կվկայի

Զոհրաբ Մնացականյանը կվկայի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Երեկ ամբողջ օրն իշխանական քարոզչամեքենան հաղթական շեշտադրումներով շրջանառում էր այն լուրը, թե Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով 144 ձայն: Ընտրության այս արդյունքն իշխանական քարոզչամեքենան ամբողջությամբ վերագրում էր Հայաստանի «ժողովրդավարական» փոփոխություններին, երկրի հանդեպ վստահության աճին և իմիջի բարելավմանը:

Այնինչ 168.am-ին հաջողվեց պարզել, որ դեռևս 2018թ. ապրիլի դրությամբ, երբ որոշում էր կայացվել Էդվարդ Նալբանդյանի օրոք, որ Հայաստանը ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալու հայտ է ներկայացնելու, արդեն իսկ ուներ 144 ստացած ձայներից գրավոր համաձայնությամբ 100-ից ավելի ձայն: Այսինքն՝ 100-ից ավելի երկրներ գրավոր համաձայնել էին իրենց քվեն տալ Հայաստանին:

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, դեռևս մինչև իշխանափոխությունն է կայացվել որոշում Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ առաջադրվելու: Ստացած ձայների 2/3-ից ավելին նույնպես դեռևս այն ժամանակներում արված քայլերի արդյունք է, ինչի մասին վկայություններն ԱԳՆ-ի արխիվներում առկա են: Ավելին, այս մասին կարող է վկայել հենց ինքը՝ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, դեսպանն է եղել։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում