Գաղտնի ու թաքուն

Գաղտնի ու թաքուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Հանրային ծառաությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է փաստաթուղթ, որով փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմներ ներդնել: Այդ մասին բարձրաձայնել ու ՀԾԿՀ որոշումը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այստեղ խնդիրն այն է, որ սա արվում է առանց հանրային քննարկումների։

«Խնդիրը բուն թեման չէ, այլ այն, որ սա արվում է առանց հանրային քննարկումների։ Ես , օրինակ, Ինտերնետի կառավարան խորհրդի անդամ եմ, բայց այնտեղ թեման չի էլ մտել, անմիջապես գնացել է պրովայդերներին առանց քննարկելու։ Մի մարմնի կողմից, որը դա անելու, ոնց հասկանում եմ, իրավասու էլ չէ։ Եվ երկրորդը, ավելի կարևորը․ այսօր օրենսդրական դաշտը այնքան հետ է մնացել, որ մեր մասին չարաշահումներով կարող են տվյալներ հավաքագրվել»,- գրել է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը Panorama.am-ի հետ զրուցում նույնպես ընդգծեց, որ անհանգստացնողը, մտահոգիչն այն է, որ այդ ամենն արվում է թաքուն:

«Շատ անհանգստացնող է, որ իրար թաքուն բաներ են ուղարկում: Մինչդեռ հենց նման գաղափար էր հասունացել իրենց մոտ, պետք էր առաջինը քննարկեին «Անձնական տվյալների պաշտպանության» գործակալության հետ: Մշակման գործընթացին էլ պետք է իրենք մասնակից լինեն, որովհետև խոսքը վերաբերում է անձնական տվյալների մշակման գործընթացին: Շատ կարևոր է, որպեսզի այդ ամբողջ գործընթացը լինի օրինական, ոչ թե գաղտնի և այլ հանգամանքներում»,- ասաց նա:

Շ. Դոյդոյանի խոսքով, պետք է հնարավորինս արագ կանգնեցել, պարտադրել կանգնեցնել այդ գործընթացը, մոռանալ այս նախագծի մասին. «Եթե ունեն գաղափար, ուզում են ինչ-որ բան վերահսկել, տվյալներ հավաքել, պետք է գործակալության, փորձագետների, ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ աշխատեն, ստեղծեն աշխատանքային խումբ ու նոր մշակեն: Սա այնքան զգայուն ոլորտ է, չի կարելի այդ մեխանիզմով, որ իրենք են արել, մշակել ու սկսել գաղտնի քննարկումներ»:

Նա նշեց, որ նայելով այդ որոշմանը, փաստացի ստացվում է, որ մեր էլեկտրոնային հաղորդակցության վերահսկողություն, մեր անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության սահմանում: Շ. Դոյդոյանը չգիտի, թե ինչ նպատակով են ցանկանում դա անել, ինչու հիմա, ինչու հենց այդ մարմինը:

«Զարմանալի է, թե ինչու է հենց այդ մարմինը նման բան նախաձեռնել»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով, ընդամենը մի քանի օր առաջ նոր տեխնոլոգիաների ոլորտում լուրջ հարցեր էին քննարկում Հայաստանում, լավ հարթակներ էին ստեղծված այն հրապարակելու ու քննարկելու համար:

«Բայց արի ու տես՝ ինչ խոսվում էր այդ հարթակներում, հիմա լրիվ դրա հակառակ բանն են փորձում անել»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում