«Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ

«Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիան «լիակատար դադարի» է վերադարձել Սիրիայի տարածքում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմը վերականգնվել է՝ չնայած ուրբաթ տեղի ունեցած հրադադարի խախտումներին:

«Այսօր առավոտյան կրակել են դիպուկահարները, ականանետային կրակ է բացվել: Այն արագ վերացվել է: Եվ նրանք վերադարձել են լիակատար դադարի»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության՝ Թուրքիան 120 ժամով պետք է դադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում