«168 ժամ». ՀՀ-ում ոչ մի իշխանություն ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկությունների մեջ

«168 ժամ». ՀՀ-ում ոչ մի իշխանություն ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկությունների մեջ

«Տևական ժամանակ է, իշխանություններն ամբողջ ռեսուրսներով՝ օրենսդիր, ուժային, զբաղված են Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ սցենարներ փորձարկելու գործով: Նրանք այդ նպատակին հասնելու համար փաստացի սկսել են հետապնդել անգամ նրա ընտանիքի անդամներին՝ հորը, դուստրերին, քրոջը… Մի կողմ թողնելով բարոյականության մասին հիշեցումները, միայն նկատենք, որ Հայաստանում երբևէ որևէ իշխանություն՝ լինի հանցավոր, ստոր, թե կոռումպացված, ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր այս կամ այն քաղաքական ցանկություններն իրականություն դարձնելու համար:

Զավեշտն այն է, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն «գործուղվել էր» Հրայր Թովմասյանի հայրական տուն՝ Դարակերտ գյուղ, որտեղ, ինչպես Հ. Թովմասյանի հայրն է ասել՝ հետաքրքրվել են իրենց տան տանիքից՝ երբ է կառուցվել, ինչ միջոցներով և այլն: Իսկ երեկ արդեն Հ. Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը հրավիրվել էին ԱԱԾ: Փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի ավագ աղջկանից ԱԱԾ-ում հետաքրքրվել են Կենտրոն վարչական շրջանում գտնվող նրան պատկանող ավտոտնակից, որը նա 2016 թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Հ. Թովմասյանի կրտսեր դստեր միակ գույքը 2014 թ. արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենան է, որը ևս որպես նվիրատվություն՝ աղջիկը ստացել է 2016 թ.՝ մորաքրոջ աղջկանից։ «Նվիրատվության պատճառն այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին»,- ասել է Հայկ Սարգսյանը։

Փաստաբանը նաև ասել է, որ հարցեր են հնչել Հրայր Թովմասյանի ավագ դստեր Nissan Patrol մեքենայի վերաբերյալ, որը Ապրիլյան պատերազմի ընթացքում կամ հաջորդող օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին։ Մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը, տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, բացատրության ընթացքում ԱԱԾ-ում կրկին հարցեր են ուղղվել տան տանիքի վերաբերյալ, թե ինչ միջոցներով է այն նորոգվել։ «Պարզ հարցեր են եղել, հնչել են պարզ պատասխաններ՝ 2007 թ. Վարդան Թովմասյանի միջոցներով, հարևանների օգնությամբ, գյուղում, պարզաբանում է տրվել, թե ոնց է վերանորոգվել»,- նշել է փաստաբանը։

Ահա այն ամենը, ինչով շուրջ երկու օր շարունակ (հրապարակային) ամենայն լրջությամբ զբաղված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Համաձայնեք, որ շա՜տ, չափազանց լուրջ սպառնալիքներ ոչնչացնելու «ազգանվեր» գործ է: Բայց, ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում