Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

«Այն, ինչին մենք ձգտում էինք, երեկ իրականություն դարձավ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը եղավ երեկվա 13 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը: Ահաբեկչական կազմակերպությունը 32 կիլոմետր լայնությամբ և 444 կմ երկարությամբ՝ արևմուտքից արևելք կհեռանա անվտանգության գոտուց, ինչպես և մենք պայմանավորվել էինք: Երեքշաբթի Պուտինի հետ կխոսեմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ, այդպիսով հնարավոր կլինի մեր օպերացիայի դիմաց դրված բոլոր նպատակները իրականացնել»,- ասել է Էրդողանը լրագրողներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս ալ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում