Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ)

Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե  Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրել մի քանի օր առաջ մամուլում հրապարակված մի նյութի հիմքով, որում խոսվում էր գույքի հայտարարագրերի մասին:

Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց իրավապաշտպանների հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ լուրն իրեն հայտնել է Հրայր Թովմասյանի` ԱԱԾ հարցաքննությունից դուրս եկած դուստրը: Մյուս դուստրը, նշենք, այս պահին փաստաբանի հետ ԱԱԾ-ում հարցաքննության է:

«Այդ հրապարակման մեջ, եթե չեմ սխալվում, դղյակների, հարստությունների մասին չէր, այլ աղջիկներից մեկի մասով` մի ավտոմեքենայի, մյուսի մասով` ավտոտնակի»,-ասաց իրավաբանը:

Նա նշեց, որ եթե այդ հիմքով դուստրերը հրավիրվում են ԱԱԾ հարցաքննության, ապա բազմաթիվ այլ պաշտոնյաներ ևս պետք է հրավիրվեն, և առաջին հերթին` ներկայիս իշխանության ներկայացուցիչները, քանի որ այս ստանդարտը գործում է իրենց օրոք:

«Պետական տարբեր պաշտոնյաներ ավտոմեքենա են նվեր ստանում, գումար են նվեր ստանում, հազար ու մի բան են նվեր ստանում: Այդ բոլորի հարցով մարդկանց հրավիրում են Ազգային անվտանգության ծառայությո՞ւն: Նոր իշխանությունները, եթե դնում են նման ստանդարտ, ապա պետք է իրենք առաջինն այդ ստանդարտի տակ մտնեն, հետո, իհարկե, ինչու չէ, բոլորը»,-նշեց Ռուբեն Մելիքյանը:

Ավելի ուշ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, Հրայր Թովմասյանի դուստրերից մեկին ԱԱԾ էին կանչել ազգականներից մեկից նվեր ստացած մի մեքենայի առթիվ, որը 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո նա նվիրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանն ու «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից մյուս իրավապաշտպաններն այս պահին ԱԱԾ-ի դիմաց են, որտեղ այժմ հարցաքննվում է Հրայր Թովմասյանի դուստրը:

Մինչ այս ԱԱԾ-ում հարցաքննվել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, և մյուս դուստրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում