Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում

Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Ասում են` ՍԴ դատավոր ընտրվելու ժամանակ Հրայր Թովմասյանը ԱԺ պատգամավորի իր հաստիքից հրաժարվելու դիմում չի գրել, հետևաբար յուրացրել է իշխանությունը՝ լինելով և՛ օրենսդիրում, և՛ դատական իշխանությունում:

Իրավական նեղ հարցերը թողնենք իրավաբաններին: Ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանը ԱԺ պատգամավորի գործունություն չի իրականացրել, հետևաբար՝ փաստացի չի յուրացրել իշխանությունը: Դիմումը մեկ-երկու օր ուշ ստորագրելու հարցը ինձ համար այս պահին էական չէ: Հատկապես, երբ բազմաթիվ իրավաբաններ նշում են, որ այդ հարցը կարգավորվում է օրենքի ուժով: Ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորից վարչապետ դառնալու ընթացքում է տեղի ունեցել: Այս պահին առաջնայինը այն քաղաքականությունն է, որը գործող իշխանությունները որդեգրել են դատական համակարգի նկատմամբ:

1. Սկզբում ասում էին՝ դատական համակարգին չենք միջամտելու: Մի քանի ոչ իշխանահաճո դատական ակտերից հետո իշխանությունը ցույց տվեց, որ եթե նրանք չեն միջամտում, դա դեռ չի նշանակում, որ վերջիններս ցանկություն չունեն տեսնել իրենց համար նպաստավոր դատավորներ և դատական վճիռներ:

2. Երբ դատավորները այդ ակնարկը լավ չհասկացան, որոշեցին շրջափակել բոլոր դատարաններ մուտքերը: Ողջ հանրապետությունում ընդամենը 1300 մարդ դուրս եկավ փողոց, հանրության գիտակից շերտերը մերժեցին այս գործելաոճը, իսկ Վենետիկի հանձնաժողովը բացասաբար արձագանքեց դատավորներին վեթինգի ենթարկելու գաղափարին:

3. Որոշեցին «դեսանտ» իջեցնել ՍԴ: Իմ քայլը խմբակցությունը, մի քանի անգամ անհիմն տապալելով բարձր որակավորում ունեցող և ապաքաղաքական համարվող ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը, ամեն ինչ արեց, որ հենց իրենց մարդը՝ Վահե Գրիգորյանը, դառնա ՍԴ դատավոր:

4. Վահե Գրիգորյանի ընտրության օրը սկսվեց «ՍԴ դատավոր-ՍԴ անդամ» բառախաղը: Վահե Գրիգորյանը ինքնահռչակվեց ՍԴ նախագահ: Բայց սա էլ չանցավ: Վենետիկի հանձնաժողովից ասացին, որ տարբերություն չկա անդամ/դատավոր անունների միջև: Սա էլ տապալվեց:

5. Որոշեցին Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու ԱԺ նախագիծ ընդունել, ինչը և արեցին: Սակայն ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել այս նախագիծը:

Հիմա էլ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործ է հարուցվել: Եվ այսքանից հետո կա՞ մի ողջամիտ մարդ, ով այս ամեն դիտարկում է միայն իրավական համատեքստում: Ակնհայտ է, որ այս քրեական գործը վերոնշյալ մի քանի գործողությունների տարամաբանական շարունակությունն է: Ուստի իմաստ ունի քննարկել հարցի միայն քաղաքական կողմը:

Իսկ քաղաքական տեսանկյունը հետևյալն է: Երբ ասում ենք «դատավորների անկախություն», առաջին հերթին նկատի ունենք անկախություն գործող իշխանություններից: Իսկ դրա միակ երաշխիքն այն է, որ դատական իշխանությունը չփոխվի գործադիրի և օրենսդիրի փոփոխությունից, և ամեն մի նոր իշխանություն «իր ՍԴ նախագահը» ունենալու հայտ չներկայացնի:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում