Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին

Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Նախօրեին ադրբեջանական կողմը սադրանքների էր գնացել: Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում`Մարտակերտի ուղղությամբ, հայկական Մարաղա գյուղի տարածքում, հարյուրավոր ադրբեջանցիներ հավաքվել էին`դեպի Արցախի Հանրապետության սահման շարժվելու մտադրությամբ: Ամբոխի մեջ նաև անչափահասներ կային, նրանց սահմանին էին մոտեցրել միկրոավտոբուսներով և ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ:

Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անվտանգության գծով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, նախօրեին ինչո՞ւ էին ադրբեջանցիները Մարտակերտի հետ սահմանին նման սադրանք նախաձեռնել:

Ադրբեջանի իշխանությունները հանրությանը փորձում են մոբիլիզացնել հարցի ռազմական ճանապարհով լուծման շուրջ: Սա այս տարվա ընթացքում կազմակերպված արդեն 3-րդ խոշոր ակցիան էր, նախորդները կազմակերպվել էին Արցախի հարավային և կենտրոնական ուղղություններով:

-Արդյո՞ք հնարավոր էր հատել սահմանը, եթե իրոք առաջ գային:

Իհարկե ոչ: Այլ բան է, որ Ադրբեջանի իշխանությունները բարոյական առումով անհավասարակշիռ են և կարող են իրենց քաղաքացիներին վտանգավոր գոտի մղել, որի պատասախանատվությունն ամբողջությամբ ընկնելու էր ադրբեջանական իշխանությունների ուսերին:

-Իսկ հնարավո՞ր է ապագայում ևս նման սադրանքներ:

Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ մեծ թվով ակցիաներ են մինչ այս կայացել, ապա հետագայում այսպիսի կամ մեկ այլ բնույթի սադրանքների անցկացումը լրիվ հավանական է:

-Նման դեպքերում ինչպես պետք է պահեն իրենց մեր սահմանապահ զինվորները:

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերը բոլոր առումներով հրահանգավորված են ցանկացած իրավիճակում իրենց ծառայությունը պատշաճ ձևով իրականացնելու համար:

-Մարաղա գյուղի գործոնը որևէ կերպ շրջանառվո՞ւմ է:

Հավաքի մասնակիցները Մարաղա գյուղի հարակից հատվածներում են եղել, սակայն Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններում Մարաղայի հիշատակումը թաքնված սպառնալիք է պարունակում՝ հաշվի առնելով 90-ականների սկզբին այնտեղ ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային ջարդը: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները հայությանը սպառնում են «նոր Մարաղայով»:

-Սահմանին այլ տեղաշարժեր գրանցվել են վերջին օրերին:

Քիչ, սակայն՝ նկատելի են, հրադադարի ռեժիմի խախտումների մասով ևս որոշակի աճի դինամիկա կա:

-Հնարավո՞ր է Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացները որևէ կերպ ազդել են ադրբեջանցիների նման ձեռնարկներ կազմակերպելու համար:

Այսպես ասեմ, ամեն դեպքում Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը՝ դրական, թե բացասական իմաստով, որպես կանոն ուղիղ համեմատական է սահմանին առկա զարգացումներով:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում