Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան

Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Yerkir.amՈրոշ ժամանակ առաջ ինձ համոզում էին, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ինչ-որ ծրագրով, որը շատ նման է Սահակաշվիլիի կառավարմանը, իսկ որպես ուղեցույց հանդես է գալիս նրա հեղինակած գիրքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմանբ։

Որպեսզի հասկանանք, թե ինչ է դա նշանակում, պետք է փորձել գտնել այդպիսի նախադեպ ժամանակակից ժողովրդավարություններում։

Մի փորձեք, չեք գտնի, չկա այդպիսի դեպք, քանի որ ոչ մի նորմալ պետություն եւ իրեն հարգող ղեկավար չի կարող նույնիսկ մտածել դրա մասին։

Բայց դե, ինչպես ասում են, մերն ուրիշ է, եւ մեր հեղափոխականները կարող են իրենց կրկնակի հպարտ զգալ, քանի որ սա արդեն երկրորդ դեպքն է, դատարանները արգելափակելու կոչից հետո, որով Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական աբսուրդի թատրոնի գլխավոր դերում։

Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ կամ արժեք՝ իր նպատակին հասնելու համար։

Իսկ իր նպատակն արդեն վաղուց պարզ է. հաստատել մեկ մարդու աբսոլյուտ իշխանություն եւ անձի բարցարձակ պաշտամունք։

Մեկը մյուսի հետեւից զավթելով պետական իշխանության մարմինները եւ բուդկայի նման սեփականաշնորհելով պետական ինստիտուտները, նա հիմնահատակ քանդում է հայկական երիտասարդ պետականության առանց այն է խախուտ հիմքերը, վարկաբեկում ու սննկացնում ազգային ինստիտուտներն ու ուղենշային բարձունքները։

Որոշ ժամանակ առաջ ինձ համոզում էին, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ինչ որ ծրագրով, որը շատ նման է Սահակաշվիլիի կառավարմանը, իսկ որպես ուղեցույց հանդես է գալիս նրա հեղինակած գիրքը։

Չէի հավատում, հիմա էլ չեմ ուզում հավատալ, բայց . . .

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը նոր խմբագրությամբ.

Հայաստանի հանրապետությունը ավտորիտար, ոչ իրավական, նեո-բոլշեւիկյան պետություն է, որտեղ իշխանության միանձնյա ու բացարձակ կրողը Նիկոլ Փաշինյանն է, նույն ինքը ժողովուրդը, նույն ինքը փրկիչը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում