«Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին

«Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, News.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունը քրեական իրավունքի հետ, սահմանադրական իրավունքի հետ աղերս չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Ես անկեղծորեն զարմացել էի, ինձ մի պահ թվաց՝ սա ոչ պաշտոնական հաղորդագրություն է, չէի կարող պատկերացնել, որ կարող է լինել պաշտոնական հաղորդագրություն։ Իհարկե, զարմանալ իրավունքի ոլորտում իսկապես պետք չէ, բայց այս պարագայում ես իսկապես չէի կարողանում հավատալ։ Պարոն Բաբաջանյանի հաղորդման տեքստը ես ուսումնասիրել էի։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ պատգամավորը դարձել է կառավարության անդամ, պատգամավորի կողմից հատուկ դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ազգային ժողովի նախագահի կողմից հայտարարում տեսե՞լ եք։ Իհարկե՝ ոչ, գիտեք ինչո՞ւ, որովհետեւ դա արհեստականորեն կձգձգեր պրոցեսը, եւ Սահմանադրությունն է դրա լուծումը տվել օրենքի ուժով լիազորությունները դադարեցնելու տրամաբանությամբ, քանի որ մեկը մյուսի հետ անհամատեղեկի պաշտոններ են։ Այսինքն՝ անձը միաժամանակ չի կարող լինել պատգամավոր եւ կառավարության անդամ, պատգամավոր եւ ՍԴ դատավոր, սա է տրամաբանությունը եւ օրենքի ուժով այս հարցը լուծվում է անհապաղ, այսինքն նույնիսկ դրա արձանագրում պետք չէ։ Ինչպես կարելի է այստեղ տեսնել խնդիր, առավել եւս խոսքը կարծես թե գնում է իշխանության յուրացման մասին»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում