«Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին

«Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին

«Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակչության շրջանում մեծ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին հաջողվելու է ապահովել երկրի սրընթաց զարգացումը, սակայն նույնիսկ մեկուկես տարի անց էլ նշված զարգացումը տեսանելի չէ։

Քաղաքացիների մոտ հույսերն արթնացրել էր Փաշինյանը իր հայտարարություններով, թե իր պաշտոնավարման արդյունքում պետբյուջե մուտք են արվելու պետությունից գողացված միլիարդավոր դոլարները, արդյունքում բարելավվելու է բնակչության սոցիալական դրությունը և այլն։ Վերջինս նաև խոստացել էր ներդրումային բում ապահովել ու վերացնել մենաշնորհները։ Ավելին՝ ասել էր, թե կախարդական փայտիկ ունի:

Եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացիները մեծ եռանդով էին հետևում կառավարության գործունեությանը, ապա վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն է նկատվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է գունավոր ակնոցներով ներկայացնել երկրում առկա իրադրությունը։

Այս նպատակի համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։

Ցանկացած փոքր ու միջին ձեռքբերում, որին հասնելու համար կառավարության կողմից հատուկ ջանքերի գործադրում պետք չէ, Փաշինյանը գունազարդված ձևով, 100 փաստերի կամ այլ ձևաչափով հրամցնում է հանրությանը։

Այնինչ նախկինում էլ են եղել այդպիսի հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ձեռքբերումներ, ուղղակի դրանց մասին շատ չի խոսվել։

Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանությունները նախ և առաջ փորձում են դրանցում մեղադրել նախկիններին՝ նշելով, թե այդ խնդիրները գալիս են նախորդ կառավարություններից, և իրենք ամեն ինչ անելու են իրավիճակը շտկելու ուղղությամբ և այլն։

Շարունակվում է կիրառվել նաև այն հնարքը, թե ռևանշիստները դավադրություն են նախաձեռնել և չեն թողնում, որ կառավարությունը զարգացնի երկրի տնտեսությունը։

Լուրջ խնդիր է նաև այն, որ չնայած հանրության ուշադրությունը շեղելու կառավարության ջանքերին, մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել կառավարության կողմից պետբյուջեի գումարների վատնման թեմաներին, որոնցից են, օրինակ՝ կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների գործուղումների և այցելությունների համար ճոխ և անհիմն ծախսերի կատարումը, 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը, վերջերս 48 մլն 900 հազար դրամի հատկացումը Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, հատուկ չվերթով ԱՄՆ մեկնելը և այլն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում