Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ

Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում նախկին Մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են Արցախից հնչող հայտարարություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ու Ալիևի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր՝ ՀՀ այսօրվա իշխանությունների վարած՝ ղարաբաղյան հարցին վերաբերող քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության։

Հոկտեմբերի 14-ին էլ Թուրքալեզու ժողովուրդների համագործակցության խորհրդի՝ Բաքվում անցկացվող 7-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջիններս անդրադարձել են Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող թուրքական գործողություններին: Էրդողանը նշել էր, որ Թուրքիան չի դադարեցնելու այդ գործողությունները:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 3-ին Սոչիում «Վալդայ» միջազգային ակումբի հերթական նիստի շրջանակում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հայտարարել էր՝ «Արցախը Ադրբեջան է և բացականչական նշան»: Իսկ հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Ի. Ալիևը իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, և այն այսօր էլ իր տեղում է: Սա Ադրբեջանի նախագահը «ցինիկ քայլ» անվանեց:

Ի պատասխան Ալիևի այս հայտարարության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց՝ «Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նո՞ւյնպես ես եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում