ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է վիրավոր ոստիկանին Ա. Հակոբյանին: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց Ազատության պողոտայում տեղի ունեցած դեպքի մանրամասները, երբ մեկ ոստիկան զոհվել է, մյուսը վիրավորվել:

«Ոստիկաններն իրենց ծառայողական պարտականություններ կատարելիս տեսում են կասկածելի անձանց, հետամուտ են լինում նրանց ինքնությունը ստուգելուն: Երբ մոտեցել են նրանց, նրանք դիմել են փախուստի: Մեր ոստիկանները հետեպնդել են նրանց, կարողացել են մեկին բռնել:

Երկրորդը, որը կարողացել էր մինչ այդ դիմել փախուստի, անսպասելի, մթության մեջ միանգամից հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Որոշակի քաշքշուկի ընթացքում հաջողացրել է պոկել մեր ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրակապված է եղել նրա վրա, և արձակել կրակոցներ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց, որ զենքը դեռ չի հայտնաբերվել, արդեն պարզել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը, բերման են ենթարկվել, խոստովանում են:

«Նրանք օրինապաշտ քաղաքացիներ չեն: Մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց, ում պետք է տվյալ պահին մոտենային, ուղղակի, ցավում եմ, որ նման դեպք է ստացվել: Ոստիկանները հասցրել են կապ տալ իրենց գործընկերներին, միանգամից մոտեցել են, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,– ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, իսկ զոհված ոստիկանը 38 տարեկան է, լրանում էր կենսաթոշակի անցնելու ժամանակը: Նա ունի երեխաներ:

Ա. Սարգսյանն ասաց, որ պատրաստվում են պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել իրենց գործընկերոջը:

Հարցին, թե արդյո՞ք տարածքում կան տեսախցիկներ, նա նշեց, որ դեպքի վայրի հարակից տարածքում կա բենզալցակայան, որտեղ կան տեսախցիկներ, սակայն միայն իր տարածքն է տեսանկարահանում:

«Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, խստագույն պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում