Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ

Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Միքայել Մինասյանի քիչ առաջ հրապարակած վերլուծությունը կարդացի 24-ժամյա հիշողություն ունեցող պետության մասին։

Շատ հստակ ու դիպուկ նկարագրած է իրավիճակը։ Ավելի ճիշտ՝ իրավիճակի մակերեսային շերտը, իր ասած «Պետություն – Հայկական Ժամանակը»։

Բայց ես կուզեի ավելի խորը շերտում վերլուծություն։ Բացատրեմ…

Մինասյանը գրում է. «Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարեւոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը»։

Համաձայն չեմ, որ մարդկանց «աչքերը բացվում են»։ Ավելի ճիշտ՝ այդպիսի գործընթաց կա, բայց շատ դանդաղ։ Այս տեմպերով պետությունն ավելի շուտ կարող ենք կորցնել, քան բոլորի աչքերը կբացվեն։

Խնդիրն այն է, որ Հայաստանում անկախության 28 տարիների ընթացքում այդպես էլ չստեղծվեց հայկական պետականության շահերը սպասարկող կրթական համակարգ, չնայած որ հենց պետությունն էր վճարում այդ կրթական համակարգի համար։

Խնդիրն այն է, որ մեր կրթական համակարգից 28 տարում դուրս չեկավ համակարգային մտածողություն ունեցող, մեր պետության առջև եղած մարտահրավերները և մեր պետության առջև բացված հնարավորությունները սթափ գնահատել կարողացողների կրիտիկական մի զանգված, որը զուտ իր գոյությամբ արդեն անհնարին կդարձներ պետության վերածումը «դեղին թերթոնի»։

Գուցե շատ հուզական է պնդումս, բայց ռացիոնալ մտածողության տեր, հայկական պետականությունը գնահատող և Հայաստանը սիրող միջին դասն է, որ կարող է լինել հայկական հզոր պետականության հիմք։

Այդ դասը կարող է սերվել միայն ու միայն հայաստանակենտրոն կրթական համակարգից։

Ըստ այդմ շատ կուզեմ կարդալ նույն Միքայել Մինասյանի վերլուծությունը Հայաստանի կրթական համակարգի ապագայի (!) մասին:

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում