Դու արժանի չես սրան, Երևան…

Դու արժանի չես սրան, Երևան…

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Անտարբերությունն ու անպատասխանատվությունը՝ մի կողմից, ամբարտավան մեծամտությունը՝ մյուս կողմից, ցեցի պես քայքայում են մեզ, նահանջների տանում երկիրը, ճնշում անտերության տխուր զգացումով։

Առաջին հայացքից մանրուք թվացող երևույթ/ներ/ի մասին եմ գրելու․․․ սոսկ՝ առաջին։ Իրականում մանրուքները շատ են, ամենուր են, դրանք հետո միանում են ու դառնում մտածողություն, ավանդույթ, համայնապատկեր ու մեկ էլ տեսնում ես, որ արդեն «որակ» դարձած՝ կենսական տարածքներ են գրավում։

Հանրապետության փողոցով գրեթե ամենօր անցնելիս ցավով ու մեղավորությամբ եմ նայում հին Երևանի այս վերջին պատառիկներից մեկի երկրորդ հարկի քիվից աճող ԾԱՌԻՆ։

Այո, այո․ այս երեք մետրանոց ծառն աճել է հենց երկրորդհարկի քիվի արանքներում։ Մի ժամանակ ցուցանակն ասում էր, որ շենքը պահպանվում է պետության կողմից։ Իրականում այն իբրև մշակութային ժառանգություն արժանի է պահպանվելու, վերականգնվելու և պաշտպանվելու։ Հիմա ցուցանակ չկա, չգիտեմ ինչու․ ․․․

Ծառը մի քիչ էլ կմեծանա ու պատռել-պոռթելով՝ քիվն ու պատը կքանդի։ Ու այս շենքն էլ հին Երևանի պես դանդաղ կմեռնի, իր հասակակից մյուս շենքերի պես, մեր աչքի առաջ․․․
Իսկ մենք շաբաթ-կիրակի Թբիլիսի կգնանք՝ վայելելու ու գնահատելու իր հին դիմագիծը պահած քաղաքը, մեր երբեմնի մշակութային մայրաքաղաքը, նաև հայ ճարտարապետների կառուցած քաղաքը։

Ուսումնասիրում եմ 2019թ հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ պետական բրուջեի կատարողականն ու ցավով արձանագրում՝

Հուշարձանների ամրակայում, նորոգում, վերականգնում տողով հատկացված 184մլն 145 000 դրամը 0-ական կատարողական ունի։ Սա նշանակում է, թե քանի-քանի հուշարձան չի ամրակայվել, նորոգվել կամ վերականգնվել։ Չի բացառվում, որ որոշներն այլևս վերականգնման կամ ամրակայման ենթակա չլինեն։

ԻՆՉՈՒ՞․․․ «Նոր» Հայաստանում մշակույթն առաջնահերթություն չի, ավաղ։

Ես նույնքան չեմ հասկանում, թե ինչու ենք Երևանը կամաց-կանաց արևելյան գյուղաքաղաքի վերածում։ Մի քանի շաբաթ առաջ նկատեցի, որ Ծածկած շուկային մերձ փողոցային առևտուրը հասել է Ամիրյան խաչմերուկ։ Այսօր արդեն Մաշտոց պողոտայում, Շահումնան դպրոցի առջև հսկա պարկերով ընկույզ էին վաճառում-կոտրում, քիչ ներքև դույլով գյուղական ձու ու մի քիչ էլ այն կողմ՝ սարի սունկ, հետո ելակ, հետո՝ թուզ։ Փողոցների կեղտ ու հակասանիտարիայի մասին չխոսեմ․․․ Իսկ քաղաքը լի է օտարերկրացիներով։

Այս ամենը մեկ անուն ունի՝ անտերություն։ Դու արժանի չես սրան, Երևան։

Հ․Գ․ Չարենցյան «կուզիկ պոետներ-ի» հանգույն, պիտի ասեմ՝ «կուզիկ» կառավարիչներ․․․

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում