Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ

Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:

«Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա: Բարով եք եկել պարոն վարչապետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ասել է Գեորգի Գախարիան ասել է. «Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»։

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»,– նշել է ՀՀ վարչապետը:

Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»,– ասել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում