Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ)

Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ՀՀ կառավարության գործող ծրագիրը, պետական կառավարման համակարգի վերափոխումները, տնտեսական գլոբալ ծրագրերի և նախաձեռնությունների բացակայությունը համադրելի չեն տնտեսական երկրում իրականացված հեղափոխության հետ. «Տնտեսությունն այսօր. թվերն ու արդյունքները» խորագրով մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) նախագահ Իշխան Կարապետյանը։

«Բնակչության եկամուտները, աղքատության մակարդակը, գործարար ակտիվության ցուցանիշները նույն են փաստում։ Միաժամանակ բնակչության մոտ առկա են դրական սպասումներ, որ լավ է լինելու, սակայն չտեսնելով կոնկրետ փոփոխություն, դրական սպասելիք ունեցողների քանակը կայուն կերպով նվազում է՝ հատկապես մարզերում»,-ասաց նա։

Իշխան Կարապետյանը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է, թեև 2019-ի առաջին կիսամյակում 6,5% է։ Ըստ նրա՝ կարևորը ակտիվության ցուցանիշի միտումն է, որը վտանգավոր է։

«Մասնավորապես եթե համեմատում ենք 2018-2019-ի առաջին կիսամյակի ՏԱՑ-ը 2017-2018-ի նույն ժամանակահատվածի հետ, որը կազմում է 8,9%, տեսնում ենք, որ 2,4%-ով աճի տեմպը դանդաղել է»,- ասաց նա և նշեց, որ այդ նվազման միտումը նաև գյուղատնտեսության ոլորտում է՝ 12,9%, շինարարությունում՝ 8,8%, արտահանման ոլորտում՝ 20%, ներկրումը 33,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7%:

Ընթացիկ հաշվի պակասուրդի առումով, ըստ Կարապետյանի, ևս նվազում է եղել. 2018-ին ընթացիկ հաշվի պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը 9,1% է կազմել, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 9,7%: Նախորդ տարիներին այս ցուցանիշը չի գերազանցել 2,6%-ը։ Նա ասաց, որ ըստ ԿԲ-ի՝ ՀՀ-ում արտարժույթային և տնտեսական ճգնաժամի տեսանկյունից վտանգավոր շեմ է համարվում 9%-ը։

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահը նաև նշեց, որ Հայաստանն ավելի շատ ներկրում է, քան արտահանում, ավելի քիչ են դրամական փոխանցումները, կրճատվել են արտահանումների ծավալները, մարդիկ ավելի քիչ են փող ներդնում բիզնեսում և այլն։ «Օտարերկրյա ներդրումները 2019-ի առաջին կիսամյակում 16%-ով անկում են գրանցել, իսկ զուտ հոսքերը 5 անգամ կրճատվել են, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող է դուրս բերվել, քան եկել է»,-ասաց նա։

Մասնագետը նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ պարբերաբար լսում ենք, որ բյուջեի հարկային եկամուտներն աճել են և 2018-ին ավելացել 141 մլրդ դրամով, կամ 24,5%-ով։ «Մեր կենտրոնը վերլուծել է հարկային բոյանսի (tax buoyancy) ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի մեկ տոկոս աճը քանի տոկոսով է ավելացնում իրական հարկային եկամուտները։ Տեմպերը պետք է կազմեին 30-40%, մինչդեռ 2019-ի առաջին կիսամյակում 6,5% է, իսկ 2020-ի բյուջեով նախատեսվում է 4,9%–ի սահմաններում, ինչը պարադոքսալ է»,- ասաց նա։

Իշխան Կարապետյանը նշեց, որ կառավարությունը համահարթեցնում է եկամտահարկը, և դա մի տեղից պետք է փոխհատուցվի։ Նրա խոսքով՝ սրան փոխհատուցելու է գալիս գույքահարկի նոր համակարգը։ «Արդյունքում զգալի բարձրանալու է բնակարանների, շինությունների, հողերի գույքահարկը, որը տարածվելու է մարզերի վրա։ Պատկերը մտահոգիչ է հատկապես Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերի դեպքում, որոնք Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզերն են»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում