Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք

Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, սկսենք առաջնագծում տիրող իրավիճակից, թերևս մեր հանրությանն ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկից: Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

– Եկեք թեմային այլ տեսանկյունից անդրադառնամ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, միաժամանակ զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարեց կտրուկ արձագանքել Արցախի ուղղությամբ իրականացվող ամրաշինական-ինժեներական աշխատանքներին:
Այս հանձնարարությունից «սադրանքների հոտ է փչում» ու չեմ կարծում, թե ադրբեջանական գործողությունները զուտ ամրաշինական աշխատանքներին է վերաբերվում: Ըստ էության, սա ուղիղ հրաման էր սահմանագծին ակտիվանալու վերաբերյալ:

– Կարո՞ղ է սա իրավիճակի կտրուկ փոփոխությունների հանգեցնել:

– Ամբողջական գնահատականներ դեռ վաղ է հնչեցնել, իրադարձություններից առաջ ընկնել էլ պետք չէ: Անհրաժեշտ է վաղ փուլում կանխելու բոլոր այն գործընթացները, որոնք կարող են իրավիճակային փոփոխությունների հանգեցնել:

– Տեսնու՞մ եք արդյոք ռեսուրս՝ դիվանագիտական ճանապարհով այդպիսի ցնցումները կանխելու համար:

– Այսպես ասեմ. այդ ռեսուրսն ամբողջությամբ սպառված չէ, սակայն առաջնային առումով, կանխարգելիչ գործոնները պետք է փնտրել, ապահովել անվտանգային միջոցառումների շրջանակներում:

– Այդ դեպքում, ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում:

– Մի շաբաթ առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով նշեց, որ բանակցային գործընթացն արգելակված է: Այս հայտարարությունն ուղիղ կապ ունի առաջնագծի վերաբերյալ իմ հնչեցված մոտեցումների հետ: Այս իրավիճակում մի քիչ դժվար է ասել, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Դեռևս կանգնած ենք: Ադրբեջանն էլ առանձնապես չի ցանկանում, որ տեղից շարժվենք, զուգահեռ իր շանտաժային քաղաքականությունն է առաջ հրում, ինչը ևս չի աշխատելու:

Ուղիղ հարցնեմ. ի՞նչը կարող է կանխել տարածաշրջանը նոր ցնցումների փուլ թևակոխելու գործընթացը:

– Տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա մեծ թվով գործոններ ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն: Տարածաշրջանային երկրներում տիրող իրավիճակից՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, սակայն այստեղ մեր իմունիտետի առումով ևս մեկ զսպող գործոն կավելացնեի՝ հասարակական համերաշխության դիսկուրսի ապահովումը:

Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը ոչ միայն կարևոր ազդեցություն ունի մեր մարտունակության, կենսունակության և ընդհանուր վերցված՝ անվտանգության ապահովման վրա, այլ անփոխարինելի գործոն է առհասարակ զարգացման առումով:
Հասարակության բևեռացումը, տարբեր խմբերի միջև անդունդի ձևավորումն ու խորացումն արհեստականորեն այլ օրակարգ է մեզ առաջադրում՝ առաջնային խնդիրներից անցում կատարելով երկրորդական, հաճախ մեզ վնասող գործընթացների:

– Կհաղթահարե՞նք այդ խնդիրները:

– Այլ ճանապարհ չկա: Պարտավոր ենք, պետք է հաղթահարենք ու որքան հնարավոր է արագ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում