Ադրբեջանցի երիտասարդները ցանկություն են հայտնել միանալ «եղբայր Թուրքիային ու նրա բանակին». ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանցի երիտասարդները ցանկություն են հայտնել միանալ «եղբայր Թուրքիային ու նրա բանակին». ադրբեջանցի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի նախագահին կից քաղհասարակության կազմակերպությունների խորհրդի անդամ Էմին Հասանլըն ասել է, որ ավելի քան 1000 ադրբեջանցի երիտասարդ դիմել է կամավոր թուրքական բանակին միանալու համար: Այս մասին հայտնում է En Son Haber կայքը:

«Թուրքիան սկսել է գործողությունը Սիրիայում, և Ադրբեջանի վետերանները, ռազմական թոշակառուները, նահատակների ընտանիքները, մեր երիտասարդները և ամբողջ ադրբեջանցի ժողովուրդն ուզում է օգնել ձեզ: Ցանկանում ենք, որ թուրքական բանակը որքան հնարավոր է կարճ ժամանակում հաղթանակ տանի»,– ասել է Հասանլըն՝ հավելելով, որ ադրբեջանցի վետերաններն ու երիտասարդները «ցանկանում են կռվել թուրքական բանակի շարքերում»:

«Մենք միշտ մեր եղբայր Թուրքիայի և նրա բանակի կողքին ենք»,- ասել է Հասանլըն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում