«Փաստ». Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված խառը վիճակից

«Փաստ». Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված խառը վիճակից

«Մինչ մեր հասարակությունը զբաղված է ներքաղաքական տարբեր հարցերով՝ տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի ակտիվ զարգացումներ, որոնք տարբեր թելերով կապվում են նաև Հայաստանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին. այն ուղղված է քրդական տարաբնույթ խմբավորումների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում, որն այժմ վերահսկվում է քրդական և արաբական դեմոկրատական ուժերի կողմից, «բուֆերային գոտի» ստեղծել:

Թուրքիայի կողմից սկսված անմարդկային գործողությունները և Սիրիայի շուրջ տարբեր միջազգային խաղացողների շահերի բախումը կարող են սիրիական նոր ճգնաժամի մեկնարկ հանդիսանալ, իսկ այդ ճգնաժամը տարածաշրջանային անկայունության ալիք է առաջ բերելու՝ իր բացասական հետևանքներով։

Պատահական չէ, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Եգիպտոսը, Գերմանիան և այլ երկրներ:

Սիրիա թուրքական ներխուժումների փորձը ցույց է տալիս, որ դրան զոհ են գնում նաև մեծ թվով քաղաքացիական անձինք։

2018-ի հունվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերը, երբ ներխուժեցին Աֆրին, բախումների ընթացքում զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ՝ այդ թվում և՛ ազգային, և՛ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ:

Այս հարձակումն էլ բացառություն չէ, ու արդեն իսկ կան մեծաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Սիրիայի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը և թուրքական զորքերի ներխուժումը լրջորեն մտահոգում է նաև Հայաստանին, քանի որ առաջին հերթին այդ երկրի հյուսիսում հայ համայնքի գոյության համար վտանգներ են ի հայտ գալիս։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ նման ռազմական ներխուժումը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, քանի որ գոյություն ունի ինքնության հիմքով մարդու իրավունքների զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Իրավիճակին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը: «Մեր գնահատմամբ, այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը»,-նշեց նա:

Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

«Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք, ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը:

Իմաստ ունի, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ», -կառավարության նիստում ասաց վարչապետը:

Սիրիայում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը Սիրիայի հայերի անվտանգության հարցը պահի իր ուշադրության կենտրոնում և միջազգային հանրությանը հասու դարձնի նրանց հետ կապված յուրաքանչյուր մտահոգությունը, քանի որ իսլամական խմբավորումները և թուրքական բանակը կարող են օգտագործել իրավիճակը քրիստոնյաների հետ հաշվեհարդար տեսնելու համար։

Իրադրությունը աչալրջություն է պահանջում նաև Արցախյան հակամարտության կոնտեքստում, քանի որ Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության «գլուխը խառն է» Սիրիայում ընթացող պրոցեսների շուրջ, հնարավորություն է ստանում օգտվել ստեղծված իրավիճակից Արցախի սահմանին լարվածության նոր ալիք սկսելու համար։ Այնպես որ, երբ տարբեր փորձագետներ ամիսներ շարունակ զգուշացնում էին, որ տարածաշրջանային ու ընդհանրապես աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար լրջանալ է պետք, սթափություն է պետք ու պետք է նաև ներքին հակադրություններ հրահրելու, ներքին թշնամի փնտրելու փոխարեն գնալ միասնականության ճանապարհով, շատերը լուրջ չէին ընդունում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում