Խաչատուրովի փաստաբան. Հաջորդ նիստին Ստեփան Գրիգորյանն անձամբ կասի՝ թե ինչ է նկատի ունեցել նման հայտարարություններ անելիս

Խաչատուրովի փաստաբան. Հաջորդ նիստին Ստեփան Գրիգորյանն անձամբ կասի՝ թե ինչ է նկատի ունեցել նման հայտարարություններ անելիս

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 6-ին ժամը 16։20-ին։ Նախատեսվում է, որ առաջիկա նիստին մասնակցելու է նաև Խաչատուրովի մասին անցած տարվա հուլիսի 30-ին հայտարարություններ արած Գրիգորյանը։

«Գրիգորյանը պետք է անձամբ հայտնի, թե ինչ է ասել և ինչ է նկատի ունեցել։ Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ այլ բան է, երբ փաստաբանին ես հարցը ուղղում, մեկ այլ բան՝ երբ անձամբ հարցն ուղղում ես հայտարարության հեղինակին։ Օրինակ, ես պետք է հարցնեմ, ի՞նչ է նշանակում, երբ Գրիգորյանը հայտարարում է, որ հողերը չեն գրավվել, այլ մինչ այդ վաճառվել են, կամ ի՞նչ է նշանակում, թույլ չէին տալիս հետ գրավել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ դատական վեճի առարկա են դարձել անցած տարվա հուլիսի 30-ին Ա1+ում հրապարակված տեսանյութում Ստեփան Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից երեքը։

Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի քանի գեներալներ տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակներ։

«Եվ բացի այդ, ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների հաշիվները, մինչև ապրիլյան պատերազմ ու դրանից հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնում։ Իրենք ոչ միամիտ են, ոչ էլ մենք ենք միամիտ։ Տարածքներ հանձնելը լուրջ բան է, բոլորին պետք է ստուգել, ես ԱԱԾ-ին առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի ու նրա բարեկամների հաշիվները։ Տարածքները հանձնված էին 2016-ից առաջ։ Մեր բանակը, մեր երիտասարդները հակահարված տվեցին, պատրաստ էին պատժիչ գործողություններ ծավալել, չթողեցին, չթողեցին իշխանությունները, նաև պարզ երևում էր, այդ գեներալները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր բանակը դիմադրեր»,-ասել էր Գրիգորյանը։

Խաչատուրովի փաստաբան Անահիտ Գալստյանը պնդում է, այս երեք միտքն էլ ակնհայտ սուտ են, ինքը փաստարկներ է ներկայացրել։ Հոկտեմբերի 7-ին կայացած նիստում Գրիգորյանի փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը հայտարարել է, որ Գրիգորյանի հայտարարությունները գնահատողական բնույթ ունեն, կարծիք են ու ոչ փաստացի տվյալներ։

«Բայց դրանք գնահատական չեն։ Գրիգորյանը հստակ ասել է՝ գեներալները տեղում չեն եղել, կամ ասում է՝ հողերը հանձնված են, վաճառված։ Գնահատողական մեկնաբանությունն այն է, երբ առկա փաստերի հիման վրա մարդն ասում է՝ Պողոսը խաբեբա է կամ դավաճան։ Բայց այս պարագայում, Գրիգորյանը փաստեր է նշել, ըստ որոնց, հողերտը վաճառվել են, գեներալը ուշ է տեղ հասել, ուզեցել են գրավել, բանակին թույլ չեն տվել։ Սրանք դատարանում ապացուցելը Գրիգորյանի պարտականությունն է, նա պետք է ապացուցի, որ այդ հայտարարությունները սուտ չեն»,-ասաց փաստաբանը։

Խաչատուրովի՝ 2016-ի ապրիլին աշխատավայր հասնելու ժամկետների մասին հայցվոր կողմը հարցում է ուղարկել ԶՈՒ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանին։ Վերջինս պատասխանել է, որ Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ 03։10-03։15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր ու զինված ուժերի կառավարումն իրականացրել է անմիջապես իր կառավարման կետից։ Դավթյանը նաև տեղեկացրել է, որ նշված պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները տրամադրել չեն կարող, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկատվություններ։

Փաստաբանական հարցում է իրականացվել նաև ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի հետ։ Վերջինը պնդել է, որ տարածքները զիջելու վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել, վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացվել, հակառակը եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված տարածքները, ընդ որում հնարավորինս շտապ։

Ինչևէ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջել է Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնել վճարելու պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ 2 մլն դրամի չափով, բացի այդ փաստաբանական ծախսերն ու տուրքերը, ինչպես նաև նույն լրատվամիջոցով հերքել տարածած տեղեկությունները, հերքման տեսնայութը տեղադրել լրատվամիջոցի յութուբի էջում, կիսվել իր ֆեյսբուքյան էջում։

Եթե դատարանը բավարարի վնասի հատուցման պահանջը, Խաչատուրովը ստացած գումարը տրամադրելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում