Իրանի նախագահը հորդորում է Թուրքիային վերանայել Սիրիայի վերաբերյալ որոշումը

Իրանի նախագահը հորդորում է Թուրքիային վերանայել Սիրիայի վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը վերանայել Սիրիայի հարցում իր դիրքորոշումը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է mk-turkey.ru կայքից։

«Այն ճանապարհը, որն ընտրվել է (Թուրքիայի կողմից) չի օգնի տարածաշրջանին: Մենք կոչ ենք անում բարեկամական և եղբայրական Թուրքիային և նրա կառավարությանը ցուցաբերել ավելի մեծ ուշադրություն ու զսպվածություն այս հարցում։ Կոչ ենք անում վերանայել ընտրված մոտեցումը»,-Ռոհանիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի ղեկավարությունն անհանգստացած է իր հարավային սահմաններում տիրող իրավիճակի համար և իրավունք ունի լուծելու այս հարցը։ Սակայն մենք համոզված ենք, որ այս ճանապարհում պետք է անել ճիշտ ընտրությունը»,-ավելացրել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչի շրջանակներում երկիրն արդեն հարձակվել է սիրիական երկու քաղաքների՝ Թել Աբյադի և Ռաս Էլ-Աինի վրա։

Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում