Դատարանից պահանջում են թավշյա հեղափոխության մասնակիցների նկատմամբ օրենք չկիրառվի

Դատարանից պահանջում են թավշյա հեղափոխության մասնակիցների նկատմամբ օրենք չկիրառվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գործով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, սակայն խափանման միջոցը խախտվել է հունիսին` Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ով ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որին կից հրապարակել էր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը:

«Մեր իրավապահ համակարգն իմ հանդեպ հարձակում գործած ընդհանուր առմամբ 11 անձանցից իդենտիֆիկացրել է միայն 6-ին: Իմ հրապարակած տեսանյութում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք առ այսօր մեր իրավապահ համակարգի համար անհայտ անձինք են, և որևէ կերպ ներգրավված չեն գործի մեջ»,- նշեց Մալյանը:

Մալյանի խոսքով` անձանց ինքնությունը բացահայտելը մեծ հաշվով դժվարություն չէր իրավապահ համակարգի համար, սակայն նա նշեց, որ ինքը կզբաղվի անձանց ինքնությունը պարզելու գործով:

«Խուլիգանախմբի 6 անդամներին մեղադրանք է առաջադրված, և խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Խափանման միջոցի թեթև ընտրությունը խախտվել է հունիսին՝ Թբիլիսիյում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»,- նշեց Մալյանը:

«Մեղադրյալներից Դավիթ Պետրոսյանը, չնայած իր քաղաքից չբացակայելու պայմանին, հատել է ՀՀ պետական սահմանը: Պաշտոնապես փաստաթղթից ցիտում եմ, որ Դավիթ Պետրոսյանը՝ որպես Հայաստանում թավշյա հեղափոխության կազմակերպիչ, պետք է ներկա գտնվի Թբիլիսիյում տեղի ունեցող ցույցերին»,– ասաց նա:

Մալյանը նշեց, որ գործում նույնիսկ խափանման միջոցը չի պահպանվել: Գործը հիմա գտնվում է դատաքննության փուլում և Աննա Դանիբեկյանի վարույթում: Առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերին:

«Խմբի պաշտպանական մարտավարությունը ապշեցնող է, նրանք դատարանից պահանջում են, որ նրանց նկատմամբ օրենքը չկիրառվի: Նրանք չեն ժխտում հանցագործություն իրականացնելու փաստը, բայց պահանջում են, որ ՀՀ օրենքը նրանց նկատմամբ չկիրառվի այն պատճառով, որ մասնակցել են թավշյա հեղափոխությանը»,- նկատեց Մալյանը:

«Վաղը ԱԺ-ում մարդու իրավունքների հանձնաժողովում արտահերթ նիստ է, որի օրակարգում կա «քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումներ և հալածանքներ» թեման: Ես ձեր միջոցով կոչ եմ անում այդ հանձնաժողովի անդամներին՝ անպայման քննության առնել վերջին 1,5 տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման ամենացայտում դրսևորումը»,- ասաց Մալյանը և նշեց, որ հարձակում գործածները չեն թաքցնում, որ կատարվածի նպատակը եղել է Մալյանին հրապարակային գործողություներից հեռացնելը և լռեցնելը:

Մալյանի խոսքով` խմբի անդամներն իրենց կատարած գործի համար գրանտ են ստացել, որի մասին նաև ներկայացվել է իր հրապարակած տեսանյութում:

«Այդ գործն արդեն Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է այն ուժերի և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, որոնք իրապես մտահոգված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ մարտին Նարեկ Մալյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա: Միջադեպից հետո իրեն բերման էին ենթարկել ոստիկանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում