Մեզ էր պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր

Մեզ էր պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, ընթացիկ հետազոտություն է անցել։

Նա նշեց, որ Ռ. Քոչարյանին տեսել է վերջին անգամ հոկտեմբերի 2-ին։ Հարցին, թե հանդիպմանը քննարկե՞լ են նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կատարվածը, Լ. Քոչարյանն ասաց. «Հայրս շատ ցավում է, իհարկե։ Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում միշտ շատ գնահատել է, շատ պարկեշտ անձնավորություն է համարել, իր գործը ճշգրիտ կատարող, այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ ներգրավված լիներ։ Իր գործը փայլուն կատարում էր։

Հայրս ասել է, որ Հայկ Հարությունյանի ցուցումքը մեզ համար այնքան լավ է, ճիշտ է, իրականությանը համապատասխանում է, որ հենց մեզ էր շատ պետք, որ նա գար ու իր ցուցմունքը դատարանում էլ վերահաստատեր»։

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածին, որից հետո Ռ. Քոչարյանի երկու աջակից երիտասարդ են կալանավորվել, հարուցված է քրեական գործ, Լ. Քոչարյանն ասաց. «Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել այլ հարթության մեջ՝ ինչքանով էր ճիշտ, սխալ, արժեր, չարժեր, բայց իրավական հարթության մեջ, նման հոդված՝ արդարադատության խոչընդոտում, այնքան աբսուրդ է։ Այդ տղաներն ակամայից շատ երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում։ Այսինքն, երբ որ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին պետք է խորհրդակցական սենյակում որոշում ընդուներ, երկրի առաջին երկու դեմքերը Սահմանադրական դատարանի որոշումը, այն որոշումը, որի հիման վրա պետք է իր որոշումը կայացներ նա, որակեցին ապօրինի, որի իրավունքը պարզապես չունեին, ոչ մեկն իրավունք չունի ասի, որ ՍԴ որոշումն ապօրինի է։ Հաջորդ օրը դատավորն անտեսեց ՍԴ որոշումը»։

Նա ընդգծեց՝ եթե լայվով մոտենում են՝ ի՞նչ հետապնդման մասին է խոսքը։

«Ինչ որ մարդկանց դուր է գալիս այս երկակի ստանդարտը։ Եթե մի դեպքում Քոչարյանի հետ է կապված, կարելի է, պետք է բռնել, դատել, քառատել, իսկ երբ որ ուրիշների հետ է կապված, անում է երկրի ղեկավարը, պաշտոնյաներ, նրանց հարող ուժը, ուրեմն դա չի կարելի։ Սրանով պարզ ցույց են տալիս, որ սիրելի դատավորներ, եթե դուք լինում եք մեր ուզածով, անում եք մեր ուզածը, անվերապահ աջակցություն ունեք, եթե անում եք այլ բան, օրինակ դատավոր Դավիթ Գրիգորյանի դպքում, ապա ձեր դեմ քրեական գործ կհարուցվի, ձեր լիազորությունները կկասեցվի»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ այս ամեն ինչում իրավական ոչինչ չկա. «Շատ լավ փաստաբանական թիմ ունենք, բոլորի փաստաբանները շատ գրագետ են, մյուս կողմի հետ տարբերությունը զգացվում է, բայց ինչ օգուտ՝ ինչ ասեն, խոսեն, ինչ-որ դատավոր կա նստած, ով իրենց ուզածը շտամպի պես պեչատում է։ Իրավական գործընթաց չկա»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում