Չնայած հրաժարականի խոստմանը՝ Վայոց ձորի մարզպետը շարունակում է աշխատել

Չնայած հրաժարականի խոստմանը՝ Վայոց ձորի մարզպետը շարունակում է աշխատել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Օրեր առաջ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե հրաժարական է ներկայացնում։

«Հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս ՀՀ-ում մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո», – նշված էր մարզպետի հայտարարության մեջ։

Տրդատ Սարգսյանի հետ կապ հաստատել Aysor.am-ի թղթակցին չհաջողվեց։

Մարզպետարանի իր ընդունարանից, սակայն, ասացին, որ նա գնում է աշխատանքի։

«Հիմա տեղում չէ», – ասաց աշխատակիցը։

Հարցին՝ իսկ ընդհանրապես հաճախում է աշխատանքի, մարզպետարանի աշխատակիցը պատասխանեց. «Նայած օր։ Պատվիրակություն կար, իրենց է ընդունել»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում