Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ

Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ապագան հիմա է, այն այստեղ է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ»,- Վիլիամ Գիբսոնի այս խոսքերով Երևանում մեկնարկած ՏՏ համաժողովում իր ելույթը սկսեց ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ, Մերձավոր Արևելք ինստիտուտի նախագահ Ռիչարդ Քլարկը:

30 տարի առաջ Գիբսոնի կիբեր ապագան սկսվեց: Այդ ժամանակաշրջանը կոչվում էր հետկոմունիստական, հետսառըպատերազմական ժամանակաշրջան: Այդ ժամանակ մենք կենտրոնացած էին անցյալի վրա, սակայն հետո դանդաղ, անգամ Սպիտակ տանը, մարդիկ նկատեցին, որ աշխարհը փոխվում է: Նոր հեղափոխություն էր, ոչ թե կոմունիստական, այլ ՏՏ հեղափոխություն, ինչպիսին էր ինդուստրիալ հեղափոխությունը 100 տարի առաջ: Ինդուստրիալ հեղափոխությունը տեսանելի էր, մարդիկ թողնում էին իրենց գյուղերը, ֆերմաները, գալիս քաղաք՝ աշխատելու գործարաններում: Սակայն երբ սկսվեց տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը, երբ ստեղծվեց կիբեր տարածքը 30 տարի առաջ, այն այդքան էլ տեսանելի չէր»,-ասաց Ռիչարդ Քլարկը:

Ռիչարդ Քլարկը նշեց, որ Բիլ Քլինտոնի հանձնարարությամբ հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, Բիլ Գեյթսին, Լարի Էլիսոնին հասկանալու, թե ինչպիսին է լինելու կիբեր ապագան:

«Նրանք չկարողացան բացատրել, չգիտեին, թե ինչ են ստեղծել, ինչ է լինելու»,- ասաց Քլարկը և նշեց, որ միայն 125 տարի առաջ ստեղծված «Real road» ընկերության ղեկավարն է ասել, իրենք արդեն ՏՏ ընկերություն են:

Ընկերությունները, անկախ, թե ինչ են արտադրում, արդեն դառնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա հագեցած ընկերություններ:

Նշենք, որ Քլարկը 30 տարի ծառայել է ԱՄՆ կառավարության ազգային անվտանգության գործակալություններում, ներառյալ Պենտագոնում, Պետդեպարտամենտում և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում: Ռեյգանի վարչակազմում նա զբաղեցնում էր հետախուզության քարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Բուշի (41) վարչակազմում նա եղել է պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականը:

Հիշեցնենք, որ Երևանում ՏՏ համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 6-ից 9-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում