Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը. Ուղիղ

Երևանում բացվեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, News.am«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը բացվեց Երևանում։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ 

Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հդնկաստանի Հայդերաբադում:

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Համաժողովը բաղկացած է ելույթներց և նիստերից, որին կմասնակցեն մի քանի բանախոսներ: Այս տարի բանախոսներից են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատառեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

NEWS.am լրատվական գործակալությունը ՝ «WCIT 2019»–ի պաշտոնական առցանց մեդիա գործընկերը, կապահովի միջոցառման ուղիղ լուսաբանումը, ինչպես նաև բացառիկ հարցազրույցներ աշխարհի ՏՏ ազդեցիկ լիդերների հետ և կներկայցնի բացառիկ ռեպորտաժներ «WCIT 2019»–ից: Մնացեք NEWS.am-ի հետ` «WCIT 2019»-ը մեզ հետ բացահայտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում