Ընթացքը կախված է Սուրեն Պապիկյանից

Ընթացքը կախված է Սուրեն Պապիկյանից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Նորաշեն համայնքում սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ հույս ունենալով, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի ու նրա համախոհների միջև ծագած խնդրին նա լուծում կտա։

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը միանձնյա որոշել ու դադարեցրել էր համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները՝ պատճառաբանելով, որ վերջինս 6 ամիս ավագանու նիստ չի գումարել, մինչդեռ նիստերի արձանագրությունները տեղադրված են նույն մարզպետարանի պաշտոնական կայքում։ Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո նրա փոխարեն ԺՊ են նշանակել ավագանու անդամ Արտակ Հարությունյանին։ Գրիգորյանի համախոհներն ու համայնքապետարանի աշխատակիցները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում մարզպետարանի շենքի առջև, նույնիսկ եկան և ակցիա արեցին կառավարության շենքի դիմաց։

«Հրապարակը» կապվեց Նորայր Գրիգորյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են որոշել, ի՞նչ են անելու հետագայում, Գրիգորյանը պատասխանեց, որ սպասում են Սուրեն պապիկյանին․

«Առայժմ վերջնական որոշում չենք կայացրել , քանի որ շաբաթ-կիրակի է, ես ժողովրդին խնդրել եմ, որ առայժմ դադարեցնեն բողոքի ակցիաները, որովհետև մեզ Տարածքային կառավարման և ենթակառաուցվածքներ ինախարարությունից հաղորդել են, որ Սուրեն Պապիկյանը այս օրերին կգա, և, ինձ թվում է, որ ինքը մեզ կընդունի ու կլսի։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ որոշում կայացնի։ Մարզպետը չուզեց, մարզպետը չընդունեց, մարզպետը նույնիսկ ասաց՝ ես եմ որոշում, ժողովուրդը չի որոշում, մի քանի թափթփուկ որ հավաքվել են, դա չի նշանակում, որ ինձ ինչպես ասեն, ես այդպես պետք է անեմ։ Ժողովուրդը շատ վիրավորվեց այդ բառից, որ մարզի մարզպետը, որը համարվում է մարզի պետական առաջին մարմինը, նման պատասխան է տալիս ժողովրդին։ Փորձեցին ճանապարհներ փակել, ես՝ ինքս, խնդրել եմ, որ նման բաներ չանեն , քանի որ ես դա այնքան էլ օրինական չեմ համարում ։ Հիմա մենք մեր ցանկացած քայլ կատարելու ենք օրենքի սահմաններում, օրենքի տառին համապատասխան։ Շաբաթ- կիրակի կսպասենք, ինձ թվում է՝ երկուշաբթի պարոն Պապիկյանը կգա, ինքը շատ լավ ու գրագետ անձնավորություն է, կարծում եմ՝ ինչ-որ ողջամիտ որշում կկայացնի։ Եթե չկայացնի, նոր դրանից հետո մենք մեր իրավունքները կփորձենք դատական կարգով պաշտպանել, բայց առայժմ սպասում ենք պարոն Պապիկյանին, թող գա, հանդիպենք։ Ինձ թվում է՝ մեզ կկանչի, եթե չկանչի էլ, մենք կխնդրենք,որ ընդունի մեզ։ Համայնքապետարանի ողջ աշխատակիցները հրաժարվել են աշխատելուց, դա լուրջ խնդիր է, մարզպետի ներկայացրած թեկնածուն ոստիկանությունը, ԱԻՆ-ը, մարզպետարանը բերում մտցնում են ներս, բայց այնտեղ ոչ մի աշխատող չկա»,- ասաց Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում