ԱԳ նախարարը Փըլոունին ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԱԳ նախարարը Փըլոունին ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության և քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:

Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փըլոունի ուշադրությանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փըլոունին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում