Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևով առաջ շարժվելը. փորձագետ

Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևով առաջ շարժվելը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Վալդայ» միջազգային ակումբում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունները Հայաստանի իշխանությունների չհաշվարկված հայտարարությունների, ինչպես նաև հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների արդյունք են: Times.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

««Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որևէ կերպ չէր կարող կառուցողական ընկալվել միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների կողմից, ինչը և բարձրաձայնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Մեկ այլ հարց է, որ միջնորդ երկրները չպետք է ընտրովի գնահատակներ տան. վերջին 30 տարիներին Ադրբեջանը ապակառուցողական է եղել ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ սահմանին, սակայն միջնորդների կողմից հասցեական գնահատականներ Բաքվի այդ գործողությունները չեն ստացել», – նշում է փորձագետը:

Վարդանյանի կարծիքով` հասարակության մի մասի և իշխանությունների մոտ ինչ-որ սխալ ընկալում կա, որ եթե պնդում ես Արցախի ինքնորոշման իրավունքի վրա, որն, ի դեպ, արտացոլում է Արցախյան հակամարտության էությունը, դու ավելի թույլ ու զիջողական դիրքերից ես հանդես գալիս, ուստի պետք է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշմանը տալ նույնական պատասխան՝ արդյունքում հարցը դարձնելով տարածքային խնդիր:

«Այս ընկալման սխալական լինելը չափելի է. բանակցային գործընթացի վերջին 20 տարիների դինամիկան ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո կարգավորելու տարբերակը դիտարկելուց հասել է Արցախի վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ՝ հանրաքվեով կարգավորելու տարբերակին, և իր տարածքային ամբողջականության վրա պնդող Ադրբեջանն, այնուամենայնիվ, ստիպված է եղել որպես հիմք ընդունել սկզբունքը, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը», – ընդգծում է Հասմիկ Վարդանյանը՝ հավելելով, որ նման դինամիկայի պարագայում անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում Հայաստանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը երկրորդ պլան մղելը և «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևով առաջ շարժվելը:

Փարձագետի կարծիքով՝ «Վալդայ»-ի քննարկումներում Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հնչած կարծիքները մտահոգություններ են առաջացնում նաև հայ-ռուսական հարաբերությունների առումով: «Հայաստանի իշխանությունների հայտարարություններին նման գնահատական է տալիս մեր ռազմավարական գործընկեր և դաշնակից երկիր հանդիսացող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սուր ելույթի հարթակ է տրամադրում Ադրբեջանին, այն դեպքում, երբ Հայաստանն այդ հարթակում հնարավորություն չունի հակադարձելու Բաքվին: Այս ամենի ֆոնին «դինամիկ զարգացող» հայ-ռուսական հարաբերությունների, Երևանում հոկտեմբերի 1-ին ունեցած «փայլուն» զրույցի մասին Փաշինյանի հայտարարություններն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում», – եզրափակում է փորձագետը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում