Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը

Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը, փոխանցում է «168 ժամ»-ը:

«Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ»,- ասել է Օհանյանը:

Գնդապետը նշել է, որ դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում