Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին ուղղած կոչին, որում նշվում էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար և պետք է միասին աշխատեն այս բանաձևն իրականություն դարձնելու համար:

«Լավ միտք է, բայց եթե, օրինակ, քո դիմաց լինի ֆրանսիացին կամ գերմանացին, այդ դեպքում միգուցե աշխատի, բայց քո դիմաց թուրքն է նստած: Ադրբեջանի հետ մենք կարող ենք խոսել, բայց պետք է առաջին հերթին խոսի Արցախը և հավասար պայմաններում պետք է խոսի, բանակցությունների ընթացքում առաջինը պետք է լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախության ճանաչման հարցը, չգիտեմ վարչապետը կոնկերտ ինչ հանգամանքներ է հաշվի առնում, համենայնդեպս իմ մոտեցումն այն է, որ Ադրբեջանի հետ կարելի է խոսել, միայն եթե ինքը պատրաստ է դրան»,- շեշտեց Վահրամ Բալայանը:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ռազմական հռետորաբանությամբ, շանտաժի լեզվով:

«Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքների մասին, պատերազմի մասին, այն մասին, որ ինչ գնով էլ ուզում է լինի, Արցախը պետք է նվաճի, իսկ նման պարագայում չեմ կարծում, որ պայմաններ կան խոսելու, հարցի լուծում ապահովելու: Մասնագիտությամբ պատմաբան լինելով, թուրքերին ճանաչելով՝ չեմ կարծում, որ նրանք հեշտ, հանգիստ կնստեն կխոսեն, և վերջնական լուծում կապահովվի: Իրենք մտածում են՝ Ղարաբաղն իրենցն է եղել, որն իրականության հետ առնչություն չունի»,-ընդգծեց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ կարգավորմանը հասնելու համար նախ պետք է Արցախը, Հայաստանը հզորացնել՝ կարևորելով բանակի դերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում