Ապրիլյան պատերազմում զոհված Նորիկ Սարգսյանն այսօր կդառնար 23 տարեկան

Ապրիլյան պատերազմում զոհված Նորիկ Սարգսյանն այսօր կդառնար 23 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Համեստ, զուսպ, բարի անձնավորություն. այսպես են հարազատները, ընկերները բնութագրում ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Սարգսյանին։ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ջաբրայիլի (Ջրակն) մարտական դիրքերում զոհված զինծառայող Նորիկ Սարգսյանն այսօր կդառնար 23 տարեկան:

Զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Հետմահու Նորիկ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Նորիկը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից էր, ընտանիքի 6 զավակներից 3-րդը: Նրա հայրը՝ Զավեն Սարգսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է: Հարցազրույցներից մեկում հայրը նշել է, որ որդու ծառայության առաջին շաբաթվա ընթացքում հրամանատարներից մեկը զանգել և շնորհակալություն է հայտնել նման որդի դաստիարակելու համար:

Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում ստեղծվել է Նորիկ Սարգսյանի փառքի անկյունը, նրա անունով է կոչվում նաև ռազմագիտության կաբինետը։ Երանոսում կառուցվել է նաև Նորիկին նվիրված հուշաղբյուր:

Նորիկ Սարգսյանը զոհվել է Ջաբրայիլի պաշտպանական գործողություների ժամանակ` իր հրամանատար Աշոտ Շահբազյանի և զինակից ընկերների հետ միասին պաշտպանելով հայրենիքի սահմաները: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Ծանր մարտում զոհվել են նրա մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում