«Ասացի՝ եթե պատրաստ եք, եկեք ավարտենք պատերազմը Դոնբասում». Զելենսկին՝ Լավրովի հետ խոսակցության մասին

«Ասացի՝ եթե պատրաստ եք, եկեք ավարտենք պատերազմը Դոնբասում». Զելենսկին՝ Լավրովի հետ խոսակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ գերիների հաջող փոխանակման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Զելենսկիի խոսքով՝ Լավրովը ցանկացել է հանդիպել նրան, ինչպես նաև շնորհավորել է Կիևի և Մոսկվայի միջև գերիների հաջող փոխանակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին:

«Պարոն Լավրովը մոտեցավ, ասաց՝ ցանկանում է ծանոթանալ, և որ իրենք ցանկանում են, որ Դոնբասում պատերազմն ավարտվի, շնորհավորեց գերիների փոխանակման կապակցությամբ»,– հայտնել է Զելենսկին իր և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կարճատև զրույցի բովանդակության վերաբերյալ:

Զելենսկին հավելել է, որ Լավրովի հետ զրույցի ժամանակ կոչ է արել Ռուսաստանին ավարտել պատերազմն Ուկրաինայի արևելքում:

«Ասացի՝ եթե պատրաստ եք, եկեք Դոնբասում ավարտենք պատերազմը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ ռուսական պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից ղեկավարների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ կարճատև շփում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև, որը, աղբյուրի փոխանցմամբ, «միանգամայն գործնական է եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում