Ամուլսարի ճանապարհները չեն բացվելու, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը. ջերմուկցի Շիրակ Բունիաթյան

Ամուլսարի ճանապարհները չեն բացվելու, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը. ջերմուկցի Շիրակ Բունիաթյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ջերմուկ քաղաքի բնակիչները պնդում են՝ Ամուլսար տանող ճանապարհը մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնա։ «Հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը։

– Պարո՛ն Բունիաթյան, Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «այս պահին փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի»: Ամուլսարի հանք տանող ճանապարհները ապաշրջափակելու վարչապետի կոչից անցել է շուրջ 20 օր: Արդյոք նրա այդ պահանջը կատարվե՞լ է:

– Որպես Ջերմուկ քաղաքի բնակիչներ, ովքեր տեսել են, թե Ամուլսարում շինարարության ժամանակ ինչ է կատարվում Ջերմուկում՝ առողջարանային գոտու հետ, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը։

Չմոռանանք նաև, որ այդ հայտարարության ժամանակ վարչապետն ասաց նաև, թե հնարավոր է նաև ծանրակշիռ իրավական պատճառ լինի հանքը չշահագործելու համար։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության որոնման համար մինչև վերջ գնալով վարչապետը կգա եզրահանգման, որ Ամուլսարում հանքն ուղղակի շահագործել չի կարելի։

– Ո՞ր դեպքում Ամուլսարը պահպանողները կապաշրջափակեն հանք տանող ճանապարհը։

– Այսօր ողջ համայնքի բնակչության մեծամասնությունն է կանգնած այնտեղ, ովքեր էլ որ «պոստ» չեն կանգնում, միևնույն է, այն դիրքորոշմանն են, որ Ամուլսարում պետք է հանքարդյունաբերություն չլինի։ Մարդիկ շատ հարգում են վարչապետին, բայց Ամուլսարը դիտարկում են որպես հայրենիք ու մինչև հարցի վերջնական որոշումը ճանապարհը չի բացվելու։ Վարչապետի՝ մոտ 20 օր առաջ արած հայտարարությունից հետո հանրային բաց քննարկում ենք արել համայնքի բնակչության շրջանում, մեծամասնությունն այն դիրքորոշմանն է, որ մենք հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել։ Ճանապարհները մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնան։

– Մամուլում հրապարակումներ եղան, որ վարչապետը խնդիր է դրել՝ եթե պետք լինի՝ նույնիսկ ուժի կիրառմամբ բացել հանք տանող ճանապարհը, ինչն էլ, ըստ տարբեր հրապարակումների, ՀՀ ոստիկանապետի հրաժարականի պատճառ է դարձել: Ի՞նչ եք կարծում՝ ուժի կիրառման հավանականություն կա՞ և այդ դեպքում, որոնք են լինելու ձեր քայլերը:

– Ես չեմ կարծում, որ պետք է լինի վերադարձ հնին, պետք է հարցերը հների ոճով՝ ուժի միջոցով լուծվեն, որովհետև հավատում եմ հեղափոխությանը։ Բայց նաև ընդհանրապես ոչ մի բան չեմ բացառում։ Կարճ ասած՝ մենք բոլոր տարբերակները հաշվի ենք առել ու բոլոր տարբերակներին պատրաստ ենք։ Երբ մտել ենք այս պայքարի մեջ, ամեն ինչ հաշվի ենք առել։

– Ի՞նչ նկատի ունեք ասելով բոլոր տարբերակներին պատրաստ ենք։

– Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր ոստիկանական ուժի ճնշմամբ լռեցնել ու չթողնել, որ հեղափոխություն լիներ, մարդիկ խաղաղ ակցիաներով կարողացան հասնել հեղափոխության։ Այս պարագայում մենք չենք պատրաստվում ուժի դեմ ուժ կիրառել։ Մենք պատրաստվում ենք խաղաղ ակցիաներով, մեր ընտանիքներով, մեր երեխաներով ուղղակի պատնեշ հանդիսանալ, որպեսզի արգելվի մուտքը Ամուլսար։ Չեմ կարծում, որ այս պարագայում ոստիկանական ուժերը մեզ ու մեր երեխաներին ջարդելով անցնեն ու բացեն հանք տանող ճանապարհները։

– Առաջիկայում նոր բողոքի ակցիա պլանավորվո՞ւմ է։

– Համայնքում ամեն ինչ ինքնաբուխ է լինում։ Կարելի է ասել՝ նախապես ոչ մի բան չենք պլանավորում, հիմնականում դա կապված է լինում կառավարության կողմից արված ինչ-որ հայտարարությամբ, որին մենք արձագանքում ենք ինչ-որ ակցիայի ձևով։ Այս պահին պլանավորված որևէ բան չկա։ Ուժի կիրառման տարբերակով Ամուլսարում հանքարդյունբերություն իրականացնելը բացառում եմ, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք, որ դա մեկ օրվա անելու աշխատանք չի։ Եթե տվյալ կազմակերպությունը պատրաստվում է տարիներով հանք շահագործել, և եթե ինչ-որ պահի հաջողվի ուժի կիրառմամբ ճանապարհ բացել, մի քանի օր հետո, միևնույն է, բնակչությունը կիջնի և կփակի ճանապարհը։ Դա անհեռանկարային տարբերակ է լինելու։

Սյուզի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում