Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը հրապարակել է «զբոսաշրջային նախազգուշացում», որում նշվում է այն երկրների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել հրեական Թիշրի ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր):

Նշվում է, որ ջիհադիստական տարրերը կոչ են անում մահմեդականներին հարձակումներ իրականացնել Իսրայելի ու հրեաների վրա։ Ալ-Քաիդան շարունակում է ահաբեկչություններ իրականացնել ամբողջ աշխարհով, մասնավորապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում:

Նախազգուշացման մեջ Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Իրանին և Մերձավոր Արևելքին շրջապատող երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Պարսից ծոցի երկրները։

Շտաբը խորհուրդ չի տալիս քաղաքացիներին այցելել Թուրքիա, Հնդկաստան, Պակիստան, Եգիպտոս, Հորդանան։ Աֆրիկայում խորհուրդ չի տրվում այցելել Մարոկկո, Սուդան, Թունիս, Մալի, Նիգեր, Նիգերիա, Քենիա, Հարավային Աֆրիկա:

Նշվում է, որ Ասիայում ևս նկատվում է ահաբեկչական ակտիվություն, հատկապես Թաիլանդում, Ֆիլիպինների հարավում և Հնդկաստանի Քաշմիր նահանգում:

Արևմտյան Եվրոպայում կա մեկուսացված գրոհների և որոշակի ակտիվության հավանականություն՝ Մերձավոր Արևելքի պատերազմներից վերադարձածների կողմից, ինչպես նաև տեղացի իսլամիստների, որոնք ոգեշնչված են ԻՊ-ի գաղափարախոսությամբ:

Ցանկում ներառված են 6 «թշնամի» երկրներ, ուր Իսրայելի քաղաքացիներին օրենքով արգելված է այցելել։ Այդ երկրներն են Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա:

Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլը՝ Իսրայելի կողմից իր քաղաքացիներին Ադրբեջան չայցելելու խորհուրդը կապում են օրերս Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշման հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում