Նեթանյահուն պատասխանում է Էրդողանի ՄԱԿ-ի ելույթին՝ հայերի «սպանդը» հիշեցնելով

Նեթանյահուն պատասխանում է Էրդողանի ՄԱԿ-ի ելույթին՝ հայերի «սպանդը» հիշեցնելով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթին, որում Էրդողանը մեղադրում է Իսրայելին՝ Պաղեստինի տարածքներն օկուպացնելու մեջ։

Նեթանյահուն, որն այս տարի չի մեկնել Նյու Յորք՝ երկրում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, թվիթերում պատասխանել է Էրդողանին ու հիշեցրել հայերի կոտորածները։

«Նա, ով չի դադարում ստեր ասել Իսրայելի մասին, իր երկրում սպանում է քրդերին և հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»,-ասում է Նեթանյահուն։

Նշենք, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այսօր Պաղեստինի տարածքը Իսրայելի օկուպացիայի տակ է, որ դարձել է անարդարության օրինակ։ Էրդողանն իր խոսքերը պատկերավոր դարձնելու համար ՄԱԿ էր բերել նաև Իսրայելի ու Պաղեստինի տարածքների քարտեզները՝ սկսած 1947թ.-ից և այժմ, ու պահանջել արդարության վերականգնում Պաղեստինի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում