ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 20-ից 22-ն արդեն 9-րդ տարին անընդմեջ Երևանում անցկացվեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնը։ Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց նաև «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսը, որին մասնակցում էին տեղական, միջազգային արտադրական ընկերություններ ու ներմուծողներ, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունները, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:

ԱՄԷ դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին Panorama.am-ին ասաց, որ դեսպանությունը մասնակցում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին՝ ԱՄԷ-ում նշվող հանդուրժողականության տարվա շրջանակներում և դեսպանության նախաձեռնությունների շարքում։

«Մեր մասնակցությունն այս փառատոնին նպատակ ունի ներկայացնել էմիրաթական կազմակերպություններին, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանում և կապ ստեղծել տեղական կազմակերպությունների ու էմիրաթական կազմակերպությունների միջև, ինչպես նաև, որ ամենագլխավոր նպատակն է՝ ներկայացնել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, թե ինչ է այն, որպեսզի հայ հասարակությունը ծանոթանա և շատ կազմակերպություններ մասնակցեն ԷՔՍՊՈ-ին։ Այս փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի և նկատում ենք, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում և, կարծում ենք, որ նմանատիպ ցուցահանդեսներն ու փառատոները կնպաստեն հատկապես տեղական կազմակերպությունների զարգացմանը՝ միջազգային այլ կազմակերպությունների հետ կապ հաստատելով»,-ասաց ԱՄԷ հյուպատոս Ահլամ Ալ Սալամին։

Նշենք, որ «Երկրները մեկ հարկի տակ» նախագիծն անցկացվում է միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից: Բիզնես փառատոնի նպատակն է խթանել օտարերկրյա գործարարների հետ նոր կապերի ստեղծումը, արտահանումն ու ներդրումը, ինչպես նաև հնարավոր հարթակ ստեղծել Հայաստանում գործող դիվանագիտական և տեղական կառույցների՝ մեկ հարկի տակ հանդես գալու համար։

Անդրադառնալով «Դուբայ Էսպո 2020»-ին, նշենք, որ այն միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։ Այն անցկացվելու է «միավորենք մտքերը և կառուցենք ապագա» կարգախոսի ներքո։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։ Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը Դուբայ Էսպո 2020»-ին։

Դուբայը Մերձավոր Արևելքում առաջին քաղաքն է, որը հյուրընկալելու է նման ցուցահանդես: Ակնկալվում է, որ վեց ամսվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 25 միլիոն այցելու։ Ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում` 190 երկրներ, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայի մեկ հովանու ներքո` հանուն նորարարության և մարդկային առաջընթացի։ Նախապատրաստական աշխատանքները ընթանում են բնականոն հունով, հատուկ էքսպոյի համար կառուցվում են նաև մետրոյի նոր կայարաններ դեպի էքսպոյի հրապարակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում