Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին

Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եմենի ապստամբ հուսիթներն ինքնուրույն ավելացրել են հրթիռների շառավիղը, ինչի շնորհիվ կարողացել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայում գտնվող նավթային օբյեկտներին:

Նախարարի խոսքով՝ Եմենի խռովարարները զենքը ձեռք են բերել երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհից, որը «դրանք գնել է իշխանության ղեկին երկար ժամանակ գտնվելու տարիներին ձեռք բերված գումարով»:

Ընդ որում՝ Զարիֆը նշել է, որ հուսիթներն ունեն տեխնոլոգիաներ և գիտեն, թե ինչպես կատարելագործեն առկա զենքը:

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Էր Ռիադը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ Թեհրանն է իրականացրել նավթային օբյեկտների վրա հարձակումները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն, հրթիռային հարձակման էր ենթարկվել։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ հուսիթները, սակայն ԱՄՆ-ն կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների համար մեղադրում է Թեհրանին, վերջինս հերքում է այդ մեղադրանքները:

Միևնույն ժամանակ, օրերս The Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել առ այն, որ Եմենի ապստամբ հուսիթները զգուշացրել են Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նոր հարվածների մասին:

Պարբերականի հաղորդմամբ՝ Եմենի հուսիթների առաջնորդների մի մասը «տագնապ է բարձրացրել Իրանի կողմից ճնշման տակ հայտնվելուց հետո, որոնք պահանջում են հուսիթներին պլանավորված հարվածներում իրենց մասնակցությունն ունենալ»։

Դրա հետ մեկտեղ հրատարակությունը տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը բացատրել էր այն հանգամանքով, որ հուսիթների ղեկավարությունում հակասություններ են առաջացել Իրանի վերաբերյալ, որոնցից շատերը վստահ չեն Իրանին ապավինելու հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում