Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային

Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքը չի էլ թաքցնում իր հակահայաստանյան բնույթն ու ուղղվածությունը։ Թուրքական պաշտոնական «Անադոլու գործակալության» կայքում հրապարակված հոդվածում արված են մի շարք ուշագրավ բացահայտումներ և խոստովանություններ։ Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը 2016 թ. Ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի «հաջողությունը» վերագրում է դրան նախորդած Թուրքիայի հետ ռազմական համագործակցությանը։ Այսինքն՝ խոստովանում է Թուրքիայի ուղղակի մասնակցությունն Հայաստանի դեմ ագրեսիային։ Նույնն է հաստատում նաև հոդվածագիրը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի այդ հարձակման պլանավորումը, փաստորեն, մշակվել է թուրք-ադրբեջանական ցամաքային զորքերի կանոնավոր կերպով անցկացվող համատեղ զորավարժությունների ժամանակ։

Բացի այդ, նշվում են նաև Թուրքիայի Երրորդ դաշտային բանակի և Ադրբեջանի «էլիտար», այն է՝ հատուկ նշանակության ուժերի միջև գոյություն ունեցող «հատուկ հարաբերությունները»։ Սա էլ նշանակում է, որ թուրքական Երրորդ բանակը Նախիջևանում ունի հաստատուն ներկայություն։ Այս ամենն իրականացվում է ‘iki devlet bir millet’՝ «երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» թուրք-ադրբեջանական հայտնի դրույթի ներքո։

Հոդվածում նաև հատուկ նշվում է, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն իրականացվում են այն հաշվարկով, որ մի օր կարող է ուժի մեջ դրվել Կազուս Ֆոէդերիս (Casus foederis), միջազգային իրավական սկզբունքը, որով կողմերից մեկը ռազմական ուղղակի օգնություն ցույց կտա մյուսին (իմա՝ Թուրքիան Ադրբեջանին)։

Այսքանից հետո էլ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի Հանրապետության որդեգրած ջայլամի քաղաքականությունը վերանայման չի ենթարկվում։ Պաշտոնական Երևանը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում…

Ավելին, Հայաստանում կան իրենք իրենց «ազգայնական» հորջորջած հայտնի ուժեր և «վերլուծաբաններ», որոնք ծպտուն իսկ չեն հանում Թուրքիայի հակահայկական քաղաքականության դեմ, լռում են Հայաստանի դեմ Թուրքիայի իրականացվող ագրեսիայի մասին, մոռացության են մատնում ամեն օր Հայաստանի դեմ բանող թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը, փոխարենը՝ զորուգիշեր ջանալով քանդել և խզել Հայաստանի ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ։ Ի՞նչ է սա՝ արդյոք պարզապես քաղաքական անմեղսունակությու՞ն, թե գուցե՞ ավելի վատ մի բան։

Հ. Գ. Սեպտեմբերի 2-ից 16-ը Ադրբեջանում ընթացան թուրք-ադրբեջանական ԹուրԱզԱրծիվ (TurAz Kartalı) ռազմաօդային զորավարժությունները, որին երկու կողմից մասնակցում էր շուրջ 30 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, այդ թվում՝ Mi-35, Mi-17, Sikorski UH-70, CH-47 Chinook և ATAK / AH-1W ռազմական ուղղաթիռներ, Mig-29, F-16 կործանիչներ, Su-25 գրոհայիններ։ Դատելով նկարագրությունից, զորավարժություններն ուղղված էին Հայաստանի դեմ նախապատրաստվող ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստմանը։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում