Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ

Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում տուն»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին իր մասնակցության մասին լուրերին:

Նա ասաց, որ իր տեղեկություններով վիճաբանության պատճառն այն է եղել, որ իր օգնականն իրենց բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպաների և, հավանաբար, փորձել է հանգստացնել:

Հարցին, թե ձեր օգնականն ինչպե՞ս է կարողացել մենակ ծեծի ենթարկել փոխգնդապետին, ում առողջական վիճակը լավ չի գնահատում, նա ասաց. «Ես էլ չեմ կարող ասել, ինչպես կարող էր մենակ մարդը նման բան անել, կարող է այլ հանգամանքներ կան։ Թող հանգամանքները պարզվեն, վստահ եմ կգնա ճիշտ քննություն, բոլոր մեղավորները պատասխան կտան, անկախ, թե ովքեր են»։

Նա նշեց, որ իր օգնականն այժմ ձերբակալված է։ Տ. Սարգսյանը հերքեց այն տեղեկատվությունը, որ օգնականն իր ազգականն է։

Մարզպետն ասաց, որ իր տեղեկություններով իր դեմ ցուցմունքներ են տվել. «Ցուցմունքներ են տվել, որ ես այնտեղ եմ եղել։ Կարծում եմ՝ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել, ում հրամանով է եղել, և այդ նույն հրաման տվողը պետք է պատասխան տա։ Կեղծ ցուցմունք տվողը պետք է պատասխան տա օրենքի առջև։ Կարծում եմ` փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվեն, որպեսզի գործին հնչեղություն տան և չեմ կարող ասել` թե ինչ նպատակ ունեն»:

Մարզպետը չկարողացավ նշել, թե ով կարող էր նման հրահանգ տալ, նշեց, որ մարզում մրցակիցներ չունի։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ., բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա: Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով՝ նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում