Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն

Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ։ Իմ ու Տոնոյանի կարծիքը չի տարբերվում»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը՝ խոսելով Բաքվի առաջարկի մասին՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել՝ փոխարենը Երևանին տալով հայ ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից։

«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլն իրականացնելն է ու վերադարձնելը»,- ասաց նախարարը։

Հարցին, թե Արցախը կարծես թե դեմ է փոխանակմանը, Զ. Մնացականյանն ասաց. «Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին, մեր մասին եմ խոսում»։

Նա նշեց, որ այս հարցը, բնականաբար, իրենց օրակարգում է, ներգրավածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է։

Նախօրեին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրել էր՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»։

Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից: Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում