Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ

Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բաքուն պատրաստ է Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ», – ասված է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Ինչպես գրում է interfax-ը, պետական հանձնաժողովը փոխանակման պատրաստակամության վերաբերյալ համապատասխան կոչն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին 2019 թվականի սեպտեմբերի 11-ին:

Հանձնաժողովը վկայակոչում է այս տարվա սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումն ու այն համարում «հումանիզմի քայլ» ու այս հիմքով «վերահաստատում հանձնառությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդ գերիների արագ ազատ արձակմանը»:

Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում