Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍեպտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի առաջին նիստը, հաղորդում է un.org-ը:

Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Իր ելույթում նա շնորհավորել է նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես նաև ողջունում եմ մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանն ուղղված ձեր ջանքերը»,- հայտնել է Գուտերեշը:

«Գլխավոր ասամբլեան առանցքային նշանակության բացառիկ ու անփոխարինելի համաժողով է, որը համախմբում է ողջ աշխարհին և կարող է առաջընթաց գրանցել հրատապ թեմաների շուրջ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նյու Յորքում նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում