Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՈ՛չ Ազգային ժողովի նախագահը, ո՛չ խմբակցության ղեկավարը նման լիազորություն և իրավասություն չունեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ երեկ արած հայտարարությունները՝ Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսելու մասին։

Սաղաթելյանի խոսքով՝ շատ հստակ է, որ իշխող քաղաքական ուժը գնում է դատական իշխանությունը յուրացնելու հակաօրինական ճանապարհով, որն անընդունելի է և դատապարտելի: «Իրենց հայտարարած ժողովրդավարական և իրավական երկրում չի կարող նման պրոցես տեղի ունենալ: Իշխանությունն, ընդհանրապես, ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ, և դա անում է հանրային պահանջի, ժողովրդավարության, արդարություն հաստատելու լոզունգների տակ»,-նշեց նա:

Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե պատահական չէ, որ այդ հայտարարությունները եղան հենց երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության նախօրեին, ասաց. «Չենք կարող ասել, թե կապ չունի նաև այսօրվա դատավարության հետ, բայց միայն սրանով չէ պայմանավորված: Սա անձերի պաշտպանության հարց չէ, այլ՝ պետական ինստիտուտների, Սահմանադրության, օրենքների պաշտպանության հարց»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե «ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ Միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

«Դա լկտիության դրսևորում էր: Ժողովուրդն իրենց այդ մանդատը չի տվել, որ ասեն՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք, կարող ենք անել», և ժողովրդի անունից անեն այն, ինչ ուզում են: Այդ մանդատը գործ անելու, ժողովրդի ու պետության առջև ծառացած խնդիրները լուծելու և ոչ թե նման մեծամիտ ու լկտի հայտարարություններ անելու համար է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով ՍԴ-ում և վերջինիս շուրջ ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, նշեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ քաղաքական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի ՍԴ խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն էլ երեկ կայացած փակ նիստից հետո հայտարարեց, որ սկսում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց՝ որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն՝ կոչ անելով իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը, զերծ մնալ հակապետական գործողություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում