«Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան

«Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱզգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոններին քաղաքացիական անձանց նշանակելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծն իրականում իշխանական նախագիծ է, «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծին:

«Իրականում դա իշխանական նախագիծ է, որն իր վրա վերցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Բնականաբար, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ. Վանեցյանը հրաժարական տվեց, հիմա Փաշինյանի առաջ երկու խնդիր է դրված՝ կա՛մ ընտրել նոր տնօրեն համակարգից, կա՛մ ընտրել համակարգից դուրս: Եթե համակարգից դուրս է ընտրվում ԱԱԾ տնօրենը, ապա իշխանությանն է պետք այդ օրենքները փոխել և քաղաքականացնել այդ պաշտոնը, գործել քաղաքական չափորոշիչներով: Փաստացի, այս պահին «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը և ինքը դարձել է գործիք իշխանության ձեռքին և ասել, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է… վերապահումով պետք է խոսել այդ մասին»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստանին» ի՞նչ է տալիս դա, ինչո՞ւ ներկայացնել իշխանական նախագիծ, Արթուր Ղազինյանն ասաց, որ այս պահին դժվար է հստակ ասել՝ միգուցե ինչ-որ գործարք է եղել իշխանությունների հետ, ինչ-որ բան տվել են, ինչ-որ բան կսպասեն, բայց կտեսնենք, թե առաջիկայում ինչ կառաջարկի իշխանությունը ԼՀԿ խմբակցությանը:

«Սա ակնհայտ գործարքային մեխանիզմ է, իրենք էլ, կարծես թե, հպարտ են այդ նախագծից: Այդտեղ, սակայն, որևէ բան չկա հպարտանալու: Դա ռիսկեր է ավելացնելու ուժային կառույցների ղեկավարների նշանակման առումով և վարչապետին տալիս է բացարձակ հնարավորություն իր հայեցողությամբ և իր կամքով ընտրելու նոր ղեկավարներին, դա սուպերվարչապետության դիրքի ամրապնդում է, ինչի դեմ երկար խոսել է «Լուսավոր Հայաստանը»»,-ասաց Ղազինյանը:

Հարցին, թե Հայաստանի դեպքում ուժային կառույցներում քաղաքացիական անձանց ունենալն ի՞նչ է տալու երկրին, Արթուր Ղազինյանն ասաց՝ քանի որ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն սպեցիֆիկ, բավական փակ համակարգեր են, կարևոր է, որ այնտեղ ղեկավարեն մարդիկ, ովքեր այդ կառույցներից են, ներսից են ճանաչում համակարգը. «Կա վստահության, անձի շուրջ համախմբվելու խնդիր: Ես չգիտեմ, թե իրենք ոնց են պատկերացնում՝ համակարգից դուրս որևէ մեկին նշանակել այդ պաշտոններին: 90-ականների կեսերին մենք նման պրակտիկա ունեցել ենք և տեսել ենք, թե ինչ խնդիրներ են առաջացել: Այդ կառույցների ղեկավարները պետք է նշանակվեն համակարգի ներսից՝ պահպանելով համակարգի կենսագործունեությունը, փոխադարձ վստահությունը, որի հիմքի վրա սկսեց ավելի արդյունավետ աշխատել համակարգը: Այս օրենքի փոփոխությամբ քաղաքականացվում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ինչն անթույլատրելի է»:

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում