ՊՎԾ.«Երևան» ջրօգտագործողների ընկերությունում արձանագրվել են մի շարք խախտումներ և թերություններ

ՊՎԾ.«Երևան» ջրօգտագործողների ընկերությունում արձանագրվել են մի շարք խախտումներ և թերություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։ Վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ:

Ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր գումարային արտահայտությամբ Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։

Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի և պոմպակայանների արտադրաողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաև չհիմնավորված դեբիտորական պարտքեր, աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել:

Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. մ³-ով:

Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։

2017 թվականին «Մասիս» և «Երևան» ՋՕԸ միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում