Ամուլսարի հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու. Երկրաբան

Ամուլսարի հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու. Երկրաբան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Երկրաբան Շահեն Խաչատրյանը կարծում է, որ ոչ մի իրավական հիմք չկա Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու, բայց նաև պնդում է՝ հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք։ Վարչապետը նաև ջերմուկցիներին պաշտոնապես խնդրել ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

«Չգիտեմ, թե հետագա պատասխանատվությունն ով է կրելու, եթե այնտեղ որևէ բացասական երևույթ տեղի ունեցավ։
Բոլոր դեպքերում, ՀՀ գիտնականների մեծ մասը, ովքեր այդ աշխատանքներն անկողմնակալ հետազոտել են, եկել են այն եզրակացության, որ այնտեղ կան խնդիրներ։ Հանքավայրի շահագործումն անդառնալի խնդիրներ է առաջացնելու», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրաբանը։

Նրա խոսքով՝ հանքը շահագործող ընկերության նախատեսած միջոցառումները, իհարկե, կարող են որոշ հարցեր մեղմել, բայց եթե ստացվի այնպես, որ Ջերմուկի և տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերը աղտոտվեն, պարզ չէ, թե ով է պատասխան տալու դրա համար։

«Լիդիանը 10 տարի կշահագործի հանքավայրը և Հայաստանից կհեռանա։ Ջրերը կեղտոտվելու են առնվազն 10 տարի հետո, այսինքն՝ իրենց գործունեության ժամանակահատվածում էական փոփոխություններ տեղի չեն ունենալու», – ասաց Շահեն Խաչատրյանը։

Երկրաբանն ասաց, թե քանի որ արդեն սխալն արված է՝ թույլ տալով ընկերությանը մուտք գործել հանքավայր, արդեն ոչինչ չի մնում անել, քան ազգովին հետևել, որպեսզի հանքավայրը շահագործվի այնպես, ինչպես խոստանում են ընկերության ներկայացուցիչները.

«Ներկա պահին և առաջիկա տասը տարիներին մենք չենք տեսնի աղտոտում, որովհետև դա տեսանելի չի էլ լինելու։ Տասը տարի հետո է այդ թույնը տարածվելու շրջակա միջավայր։ Ջերմուկի խմելու ջրի մի մասն Ամուլսարի հանքերում է գտնվում, ապացուցված չէ, որ դրանք վտանգված չեն, Լիդիանի փաստաթղթերում մեզ դա չեն համոզում»։

Իր ուսանողներին երկրաբանը սովորեցնում է, որ հանքավայրերը պետք է հայտնաբերել և շահագործել, բայց այս դեպքում դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, որովհետև այդ տարածաշրջանում դա ուղղակի անթույլատրելի է։

«Անհամատեղելի է։ Եթե ուզում ենք, որ մեր տուրիզմը կամ առողջարանային համալիրը և Ջերմուկի բրենդը փոխարինել ժամանակավոր ինչ-որ բաների հետ, խնդրեմ։ Հայտնի չէ այդ գեղեցիկ ու գողտրիկ անկյունի հետագա ճակատագիրը, որովհետև դա էլ գնահատված չէ», – եզրափակեց խոսքը երկրաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում