Ամեն մի ընտրություն լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին. Աշոտ Ղուլյան (Տեսանյութ)

Ամեն մի ընտրություն լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին. Աշոտ Ղուլյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ է եղել բոլոր թեկնածուների կողմից և մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնել նախընտրելի թեկնածուներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նկատեց, որ առաջիկա տարիներին շատ ավելի մեծ պահանջներ են լինելու և այս ընտրություններով ընտրված թեկնածուներից շատ ավելի մեծ սպասումներ են լինելու:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի 228 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Ամեն ընտրություն Արցախի Հանրապետության համար լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին` իր պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ցուցանելի դարձնելի համար»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նշեց, որ ովքեր եղել են 90-ական թվականներին Ստեփանակերտում և այս տարի տեսնում են, որ ահռելի աշխատանք է կատարվել և ամեն տարի Ստեփանակերտը փոխվում է: «Ամեն անգամ ականտես ենք լինում նոր հնարավորությունների, բայց այնպես չէ, որ դա բավարար է այսօր, 2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի»,-ասաց նա և ակնհայտ համարեց ջրի խնդրի լուծումը և նշեց, որ արդեն ունեն շուրջօրյա մատարակարում:

«Միանշանակ նկատելի է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցությունը և հարաբերությունը շատ ավելի ակտիվացել են»,-ասաց ԱԺ Նախագահը:

Ըստ նրա՝ այս ընտրություններին ակնհայտ մրցակցություն կա համայնքի ղեկավարների պաշտոնների համար: «Այն հանգամանքը, որ շատ համայնքներում մեկից ավելի թեկնածուներ են, խոսում է մրցակցային ընտրությունների մասին, բայց այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է և կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում մենք կունենանք նաև հարցեր, որոնք հետագայում կլինեն մեր ուշադրության ներքո»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում